Հունիսի լույս 8-ի գիշերը՝ 0 ժամ 30-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ 13-րդ փողոցում հրավառություն է, այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ահազանգով մեկնած ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը տեղում պարզել է, թե ով է հրավառությունը կատարել։ Տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և բացատրությամբ հայտնել, որ հրավառությունը կատարել է թոռան ծննդյան տարեդարձի առթիվ։
Նախապատրաստվում են նյութեր։
«Հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներից է լռությունը խախտելը, որը որպես զանցանք նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածով: Իրավախախտումներին ամենայն խստությամբ հակազդելով հանդերձ՝ ոստիկանության նպատակը ոչ թե քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը կամ տոնակատարություններին խոչընդոտելն է, այլ հանրության իրավագիտակցության բարձրացումը․ չէ՞ որ գիշերային ժամերին լռությունը խախտողը, հրավառությունների պատվիրատուն ու կազմակերպիչը մենք ենք, հետևաբար հենց մենք ենք պատասխանատու և՛ մեր, և՛ համաքաղաքացիների անդորրի և անվտանգության համար»,-նշվում է հայտարարության մեջ: