Այսօր կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրակարգից դուրս մի հարցի մասին խոսեց:
«Երեկ մի դեպք է գրանցվել, որ գիշերը 00:30-ին Նորք Մարաշում կատարվել է հրավառություն: Ձայնագրություն է կատարվել, այն պտտվում է համացանցում: Թե՛ կարգի խախտման, թե՛ հրդեհային առումով մենք օրենսդրական բացեր ունենք, բայց ես խնդրում եմ բոլոր շահագրգիռ կազմակերպություններին այս հարցով զբաղվել: Գեթ մեկ երեխայի հանգիստ քունը ավելի կարևոր է, քան 500 հոգու քեֆը և ուրախությունը: Ես որպես քաղաքացի նախկինում շատ եմ առնչվել դրա հետ ու պատերի եմ հանդիպել: Նույնիսկ ոստիկանությունը ընթացք չի տվել իմ դիմումներին»,-նշեց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին օրենքը կարգավորված է և այն ուժի մեջ է մտել. «Բայց Նորք Մարաշը ոստիկանության բաժանմունք ունի, չէ՞»:
Հարցին արձագանքեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը. «Մենք հետամուտ կլինենք: Ինձ համար զարմանալի է, որ դուք դիմել եք, իսկ ոստիկանությունը ընթացքը չի տվել»:
Նիկոլ Փաշինյանը սակայն նշեց, որ միայն հայտարարությունով չէ և այդ տարածքը ունի ոստկանության բաժանմունք. «Եվ եթե պարզվի, որ մինչև մեր այս քննարկումը ոչ մի միջոց չի ձեռնարկել, ուրեմն Դուք կձեռնարկեք միջոց այդ ոստիականական բանմունքի պատասխանատուների նկատմամբ»:
«Մենք շատ խիստ ենք մոտենում այդ հարցին, անգամ պարտավորագրեր ենք վերցնում այն կազմակերպություններից, որոնք ներկրում և վաճառում են: Բայց դա շատ դժվարությամբ հայտնաբերվող է»,-նշեց ոստիկանապետը:
«Էդ թռնում ա ու պայթում ա գիշերը: Դա ամենահեշտ հայտաբերելին է»,-նշեց վարչապետը:
Օսիպյանը հավատացրեց, որ հրավառություն կազմակերպողները նույն տեղում չեն սպասում:
Փաշինյանն էլ ծիծաղելով ավելացրեց. «Դե, հայտարարություն արեք, որ կրակողներին կոչ ենք անում ևս կես ժամ սպասել, մինչև ոստիկանությունը գա հասնի»:
Քննարկումը վարչապետի նախաձեռնությամբ ավարտվեց. «Չպետք է լինի հրավառություն և վերջ: Եթե չի կարողանում համապատասխան ծառայությունը ապահովել, որը օրենքը կատարվի, ապա վատ է աշխատում»,-նշեց նա: