Այսօր կառավարության նիստի ընթացքում էներեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը անդրադարձավ անցած նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված:
«Մեր կողմից նախաձեռնվել են բոլոր հնարավոր միջոցները և քննարկումներ ենք իրականացրել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Գնահատել ենք բոլոր ռիսկերը կապված էլեկտրաէներգիայի գնի վերանայման հետ: Պետք է նշեմ, որ այս կապակցությամբ ունենք մի շարք ռիսկեր, որոնք հաշվի չառնել չենք կարող: Այդ ռիսկերը պայմանավորված են ատոմակայանի հետ կապված այս տարվա ընթացքում նախադեպը չունեցող երկարաձգման աշխատանքների հետ: Ռիսկը կայանում է նրանում, որ պատմության մեջ չի եղել, որ ատոմակայանը այս կարգով կանգնի, ռիսկեր կան ժամկետից ուշ գործարկման վերաբերյալ: Սա սակագնի վրա կարող է ունենալ մեծ ազդեցություն»,-նշեց նախարարը:
Գրիգորյանը նշեց, որ կան նաև գազի գնի հետ կապված ռիսկեր. «Մենք մինչև այս տարվա վերջ Ռուսաստանի հետ ունենք պայմանավորվածություն, որ սահմանի վրա 150 դոլար գնով ենք ներմուծելու գազը, որը դրանից հետո պետք է վերանայենք: Կա ռիսկ նաև դոլար-դրամ հարաբերակցության հետ կապված»:
Նախարարը սակայն նշեց, որ կարող են սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անապահով ընտանիքների մասով, որոնց թիվը 110-120 հազար է. «Մեր հաշվարկներով եկել ենք եզրահանգման, որ ունենք եզրակացություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրվող էրելտրաէներգիայի սակագինը: Մենք ունենք երկու տարբերակ, առաջին՝ սակագնի նվազումը իրականացնենք ՀԾԿՀ-ի հետ միասին, երկրորդ՝ ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրենք իրենց շահույթի հաշվին նվազեցնեն 10 դրամի չափով: Եթե երկրորդ տարբերակով ենք անում, մեզ մոտ նաև չեն նվազում հարկերը»:
Նիկոլ Փաշինյանը նշեց սակայն, որ նախարարը այնքան ռիսկերի մասին խոսեց, բայց չասաց կոռուպցիոն ռիսկեր և չարաշահումների մասին՝ այս ոլորտում:
«Ես առաջարկում եմ, որ Դուք շարունակեք ուսումնասիրությունը, առաջիկայում կգաք զեկույցի ինձ մոտ: Այդ քննարկումները պետք է շարունակվեն, որ մենք համոզվենք, որ այդտեղ ամեն ինչ ճիշտ է և արդյունավետ: Այս պահին առնվազն պայմանավորվում ենք, որ անապահով ընտանիքների համար սակագինն իջնելու է, մնացածի մասով քննարկումները շարունակվելու են»,-նշեց վարչապետը: