Կառավարության որոշմամբ արտոնություններ տրվեցին «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ին

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ընկերությանը տրամադրվել էր ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ըստ հիմնավորման՝ հայտով բավարարված ապրանքների ներմուծման ժամանակ առաջացել է տեխնիկական խնդիր, որը կապված է ԱՏԳ ԱԱ ծածկագրի և ապրանքի նույնականացման հետ:

Վարչապետի առաջարկով օրակարգից հանվել է «Մեղրի-1» բարեգործական հասարակական կազմակերպությանը Սյունիքի մարզի Մեղրիի համայնքում «Մշակութային, ազգագրական, ագրո և էկո հյուրընկալության պայմանների ստեղծում Մեղրի քաղաքի «Փոքր» թաղում» ծրագրի իրականացման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու հարցը: «Այստեղ տրամաբանական կոնֆլիկտ կա: Եթե սա բարեգործական ծրագիր է, թող լինի բարեգործական, եթե ներդրումային ծրագիր է՝ ինչո՞ւ ենք մենք բարեգործական գնով վաճառում: Այսինքն՝ եթե ներդրում է, ապա եկեք քննարկենք ներդրումային ծրագիրը, հասկանանք, որ մարդն ուզում է ներդրումային ծրագիր անել, տնտեսական շահույթ ստանալ: Եթե բարեգործական ծրագիր է՝ ինչո՞ւ է անպայման ուզում, որ իբրև սեփականություն այդ հողն ունենա»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է բոլոր մանուկներին Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ: «Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր երեխաներն ապրելու են պաշտպանված, երջանիկ և ազատ Հայաստանում»,-նշել է փոխվարչապետը: Տիգրան Ավինյանը կառավարության անունից շնորհավորել է նաև Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ:

Լուսանկարում՝ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի գործարանի սեփականատեր Աստղիկ Ալեքսանյանն է՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել