Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարությունը հաստատեց կառավարության ծրագիրը, որի դրույթներից մեկը վերաբերում է մշակույթի ոլորտին:
Ծրագրում նշված է, որ քաղաքացու երջանկության հնարավորության ապահովման հաջորդ կարևորագույն գործոնը նրա մշտական հաղորդակցությունն է մշակույթի և մշակութային կյանքի հետ։ Ըստ այդմ, կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված կլինի մշակութային կյանքին հանրային ակտիվ մասնկացությունը ապահովելուն, մշակութային միջոռացումների լայն քարոզչություն իրականացնելուն և դեպի մշակութային հաստատություններ քաղաքացիների հարաճուն հոսքին նպաստելուն։
Միաժամանակ կառավարությունը միջոցներ կձեռնարկի ստեղծագործական կարողությունների արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայր ստեղծելուն: Մշակույթի և ստեղծարարության ազատության ապահովման նպատակով կխրախուսվեն դեբյուտային ստեղծագործական ծրագրերը, արվեստի փորձարարական և նորարարական ձևերը։ Կապահովի արվեստին և մշակույթին հատկացվող պետական միջոցների և դրամաշնորհների հատկացման թափանցիկությունն ու մրցակցայնությունը, արդարացիությունն ու արդյունավետությունը:
Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու մշակութային ծառայությունների համաչափությունը, մատչելիությունը և հասանելիության ապահովումը ՀՀ մարզերում: Կարևոր ենք համարում նաև հայկական մշակույթի ճանաչելիության ընդարձակումը ՀՀ սահմաններից դուրս:
Կառավարությունը նաև պետք է միջոցներ ձեռնարկի հեռուստաեթերի պատշաճ մակարդակի ապահովման ուղղությամբ․ հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի մարդկանց կրթական ցենզը և հարաբերությունների մակարդակը իջեցնող, հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից։ Կրթական եւ մշակութային քաղաքական առանցքային նպատակը պետք է լինի հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումը: