Նոր բովանդակություն կհաղորդվի 12-ամյա կրթությանը. կառավարությունը իր ծրագրում անդրադարձել է նաև բուհերին

Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարությունը հաստատեց կառավարության ծրագիրը, որի դրույթներից մեկը վերաբերում է կրթության և գիտության ոլորտում Հայաստանի առաջընթացին:

Ծրագրում նշվում է, որ քաղաքացու՝ իրեն արժանապատիվ և երջանիկ զգալու կարևոր բաղադրիչ է կրթությունը։ Այս ոլորտում անհրաժեշտ փոփոխությունները պետք է ձևավորեն այնպիսի միջավայր, որտեղ կարևորվելու են կրթության որակը և արդիականությունը, կրթության մատչելիությունը և հասանելիությունը, կրթությունը որպես իրավունք, քաղաքացիական գիտակցության ձևավորումը, ինչպես նաև դպրոցի աշակերտակենտրոն, իսկ ԲՈՒՀ-ի` ուսանողակենտրոն լինելը։

Կառավարությունը հանձնառություն է ստանձնում ապահովել կրթության հասանելիությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար. սոցիալական վիճակն ու Հայաստանի աշխարհագրությունը չպետք է խոչընդոտ հանդիսանան կրթության իրավունքի իրացման համար: Ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ որեւէ ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից։

Անհրաժեշտ է դադարեցնել դպրոցների և բուհերի՝ քաղաքական-կուսակցական նպատակներով օգտագործումը, ինչը տարիներ շարունակ բացասական ազդեցություն է գործել կրթության որակի վրա` աստիճանաբար հեղանակազրկելով դպրոցը, ԲՈՒՀ-ը, ուսուցչին, կրթության ոլորտի կազմակերպիչներին։

Իբրև կրթության ոլորտի առաջնահերթություններ, անհրաժեշտ է՝

  • Մեծացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը և հասանելիությունը հանրապետության բոլոր համայնքներում:
  • Ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման մոդելներ։
  • Նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ մշակել նոր չափորոշիչներ և առարկայական ծրագրեր, վերարժևորել ավագ դպրոցի դերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական հմտությունները տարատեսակ փորձարարական ծրագրերի ու միջազգային փորձի հիման վրա:
  • Որպես աշխատաշուկայում կադրերի ապահովման հիմնական օղակ դիտարկել միջին մասնագիտական կրթությունը՝ նախապես ներդնելով աշխատաշուկայի կարիքների գնահատման և կրթական քաղաքականության իրականացման սինխրոնիզացման հստակ մեխանիզմներ։
  • բարձրացնել գիտության նպատակային ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի պահանջներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին։
  • Հայաստանում ապրելու և ստեղծագործելու պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, տնտեսության մրցունակությանը և անվտանգությանը ամիջականորեն նպաստող համակարգ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել