Արմեն Սարգսյանը նախաճաշել է վերականգնողական բուժում ստացող զինվորների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ Առաջին Հանրապետության հարյուրամյակի առիթով անձամբ շնորհավորելու կենտրոնում բուժվող զինվորներին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, երկրի ղեկավարը շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, զրուցել կենտրոնում իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ:

Կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվում են նաեւ նրանց սոցիալական ինտեգրման, կրթության եւ աշխատանքի հարցերը:

Նախագահ Սարգսյանը նախաճաշել է զինծառայողների հետ: Նա երախտագիտություն է հայտնել հայրենիքի պաշտպաններին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար եւ նրանց մաղթել շուտափույթ առողջություն:Երկրի ղեկավարը կարեւորել է կենտրոնում բուժում ստացող զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը: Նախագահը գտնում է, որ առողջությունը վերականգնելուց հետո նրանց համար արտոնյալ պայմաններով աշխատանքի ընդունվելու հնարավորություններ պետք է ստեղծել, որպեսզի զինվորը ոչ թե կախված լինի տարատեսակ օգնություններից, այլ՝ սեփական միջոցները ինքը կարողանա վաստակել:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել