Այսօր Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` Վազգեն Ռշտունու նախագահությամբ, շարունակվեց Հրաչյա Գևորգյանի և Գարիկ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննություը: Հրաչյա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու պայմանով անձին պատանդ վերցնելու և պահելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Գարիկ Հարությունյանի հետ, պատանդ վերցնելու և պահելու նպատակով, որպես զենք օգտագործվող դանակով՝ կյանքի և առողջությանը համար վտանգավոր բռնության գործադրմամբ ֆիզիկական ազատությունից ապօրինաբար զրկել և իր բնակության վայր են տեղափոխել Նաիրա Հարությունյանին և նրա անչափահաս որդուն` Սուրեն Ջաբուրյանին: Պատանդներին ազատելու պայմանով Ն.Հարությունյանի հորից` Ս.Հարությունյանից հարկադրաբար պահանջել են գումար, որն ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին: Բացի այդ Հրաչյա Գևորգյանը, գտնվելով ազատազրկման վայրում, բազմիցս Ս. Հարությունյանից շորթման եղանակով, այն է` սպառնալով, որ կնվաստեցնի վերջինիս դստերը` Ն. Հարությունյանին` նրա մերկ նկարների ցուցադրմամբ, ինչպես նաև կվնասի Ն. Հարությունյանին և նրա երեխաներին, պահանջել և ստացել է խոշոր չափերի գումար:
Այսօր դատական նիստին ներկայացել էին 2 տուժողները: Դատական նիստին ցուցմունքներ տվեցին Մաշտոցի բաժնի ոստիկանները, որոնք նախաքննական մարմնի կողմից ներգրավվել են որպես տուժող: Առաջին տուժողին իր ցուցմունքում հայտնեց, որ դատարանում մեղադրյալի առողջական վիճակը վատացել էր և նրան ոստիկանների ուղեկցությամբ տարել են Էրեբունի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ընդունարանում Հրաչյա Գևորգյանը փորձել է ոստիկաններին ձեռքերով հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել ոստիկանների հասցեին, անհանդուրժողական վարքագիծ է ցուցաբերել: Առաջին տուժողի ցուցմունքից հետո ամբաստանյալ Հրաչյա Գևորգյանը հայտարարություն արեց, որ տուժողը սուտ ցուցմունքեր է տալիս դատարանին, քանի որ ինքը ոչ մի նմանատիպ գործողություններ չի արել և նույն տուժողները, որոնք ենթադրյալ տուժողներ են, նրան Մաշտոցի բաժնում ենթարկել են խոշտանգման: Ամբաստանյալի հայտարարությունը լսելուց հետո, դատարանն անցավ հաջորդ տուժողի հարցաքննությանը: Երկրորդ տուժողն էլ էր հանդիսանում Մաշտոցի բաժնի ոստիկան, և նա էլ նույնաբովանդան ցուցմունք տվեց, ինչ առաջին տուժողը:
Քանի որ մնացած տուժողներ չէին ներկայացել դատական նիստին, այդ պատճառով նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 28-ին, ժամը 16.00-ին:
Հանրային թղթակից`Արա Ղարագյոզյան
Աղբյուրը`Իրավաբան.net