Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը եռօրյա սուգ է հայտարարել, հարգանքի տուրք մատուցելով մայիսի 14-ի արյունալի բախումների հետևանքով զոհված 58 պաղեստինցի ցուցարարներին, հայտնում է BBC-ն:
Այս բախումը իսրայելապաղեստինյան շփման գծում ամենաարյունալին է 2014 թվականի պատերազմից հետո, որի ընթացքում սպանվեցին շուրջ 2310 և վի8ավորումներ ստացան շուրջ 11000 պաղեստինցիներ: Իսրայելական կողմը ունեցավ 71 մարդկային կորուստ, շուրջ 100 իսրայելցի ստացան վիրավորումներ:
Հիշեցնենք, որ երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել էին Երուսաղեմ: ԱՄՆ-ի այս քայլը դժգոհությունների ալիք էր բարձրացրել արաբական աշխարհում, քանի որ դեսպանատան տեղափոխմամբ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչել են որպես Իսրայելի մայրաքաղաք և բարդացրել իսրայելապաղեստինյան բանակցային գործընթացը: Դեսպանատան տեղափոխության հետևանքով թշնակամական վերաբերմունքը երկու ազգերի միջև հասել է գագաթնակետին:
Իսրայելի ոստիկանական ուժերի գործողությունները դատապարտվել են միջազգային հանրության կողմից: Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կատարվածը բնութագրել էր որպես «կոտորած», իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունը Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին: Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան իսրայելական կողմին կոչ էին արել զսպավածություն ցուցաբերել:
Հիշատակման է արժանի այն հանգամանքը, որ բախումները տեղի են ունեցել Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքները բռնազավթելու 70-ամյա տարելիցին:
Համաձայն Al-Jazeera-ի՝ պաղեստինցի ցուցարարները մտադիր են շարունակել ցույցերը, իսկ իսրայելական ոստիկանությունը պատրաստվում է համապատասխան քայլեր իրականացնել, ցույցերը ճնշելու համար:
Նարեկ Ենոքյան