Այսօր` նոյեմբերի 16-ին, շարունակվեց խարդախության և փաստաթղթերի կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Հովհաննես Բաղդասարյանի գործով դատաքննությունը: Ըստ մեղադրանքի` վերջինս զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով 2006-2011թթ. մարտ ամիսը օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ստացել կենսաթոշակ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` 3.064.228 դրամ գումար:
Դատարանը հայտարարեց դատաքննությունը լրացնելու համար կողմերի միջնորդություններ ներկայացնելու մասին: Ամբաստանյալի պաշտպանը դատարանին ներկայացրեց էպիկրիզ` կապված իր վստահորդի մարտի դաշտում վնասվածք ստանալու մասին:
Քանի որ կողմերը դատաքննությունը լրացնելու համար այլ միջնորդություն չունեին, դատարանը անցավ դատական վիճաբանությունների փուլ: Մեղադրողն իր ճառն արտասանելու համար խնդրեց 15 րոպե:
Դատական նիստը վերսկսվեց 40 րոպե հետո և դատական վիճաբանությունների փուլը այդպես էլ տեղի չունեցավ: Ամբաստանյալի պաշտպանը հայտարարեց, որ իր վստահորդը խնդրում է նորից անցկացնել դատաբժշկական փորձաքննություն, քանի որ ինքն իրեն շատ վատ է զգում և կարծում է, որ փորձաքննությունը էական նշանակություն կունենա գործի ելքի վրա: Ուստի, պաշտպանը խնդրեց դատական նիստն հետաձգել, որպեսզի վերջինս կարողանա այդ ամենը գրավոր ներկայացնի դատարան: Դատարանը, չնայած դատաքննության փուլը ավարտել էր, սակայն բավարարեց պաշտպանի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց նոյեմբերի 22-ին, ժամը 12.30-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net