Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատավոր Անահիտ Թումանյանի նախագահությամբ կայացավ թիվ ՍԴ/0397/02/12 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ ըստ սկզբնական հայցի Դավիթ Գալստյանի ընդդեմ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի` գույքից օգտվելուն խոչընդոտող արգելանքները վերացնելու պահանջների մասին և «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ Դավիթ Գալստյանի` հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին:
Դատարանը, կողմերի ինքնությունը պարզելուց հետո, կողմերին ներկայացրեց իրենց դատավարական իրավունքներն ու պարտականությունները: Ուսումնասիրվեցին գործին կցված փաստաթղթերը: Նախ դատարանն անդրադարձավ սկզբնական հայցին, որից հետո անցավ հակընդդեմ հայցի քննարկմանը:
Դավիթ Գալստյանի ներկայացուցիչը ներկայացրեց իր վստահորդի հայցի առարկան և իրավական հիմքերը. հայցվոր Դավիթ Գալստյանը հանդիսանում է Կապանի Գործարանային 4Ա/Դ հասցեում գտնվող տարածքի և շինությունների սեփականատերը: 2006-2012թ. մայիս ամիսը Դավիթ Գալստյանը բացակայել է Կապանից: Այդ ժամանակահատվածում «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի աշխատակիցները, առանց Դավիթ Գալստյանի գիտության և թույլտվության մուտք են գործել նրա տարածք և անց են կացրել խողովակաշարեր: Նրանց գործողությունների հետևանքով վնասվել է տարածքի ցանկապատը, կատարվել են գողություններ, սեփականատերը կրել է զգալի վնասներ: Անցկացված խողովակաշարերը խոչընդոտում են, որպեսզի Դավիթ Գալստյանը կարողանա ազատորեն օգտվել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից:
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ներկայացուցիչը ներկայացրեց, որ հակընդդեմ հայցի առարկան հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջն է, ինչ վերաբերվում է խողովակաշարի անցկացմանը, ապա այն կատարվել է Դավիթ Գալստյանի իմացությամբ և թույլտվությամբ: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի կողմից առաջարկվել է Դավիթ Գալստյանին իր սեփականություն հանդիսացող Գործարանային 4Ա/Դ հասցեում գտվող տարածքից 120 մ.ք. մակերեսով տարածքի համար կնքել սահմանափակ օգտվելու իրավունքի պայմանագիր (սերվիտուտ):
Սերվիտուտի տրամադրման դիմաց տարեկան վճարի չափը առաջարկվել է 73 560 ՀՀ դրամ: Սերվիտուտն անհրաժեշտ է տասը տարով: 2006-2011թթ.-ի համար առաջարկվել է վճարել 367 800 ՀՀ դրամ: Սակայն Դավիթ Գալստյանն առանց պատասխանելու առաջարկին, դիմել է դատարան:
Դատարանը և կողմերը քննարկեցին ապացուցում պահանջող փաստերը:
Դավիթ Գալստյանի ներկայացուցիչը պետք է ներկայացնի հայցվորի սեփականության իրավունքի վկայականը Գործարանային 4Ա/Դ տարածքի և շինությունների նկատմամբ, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ներկայացուցիչը պետք է հիմնավորի սերվիտուտի առաջացման անհրաժեշտությունը:
Դավիթ Գալստյանի ներկայացուցչի կողմից դատարանին են ներկայացվել լուսանկարներ և լրացուցիչ փաստաթղթեր, ինչի վերաբերյալ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ոչ մի առարկություն չհնչեց:
Դատարանը թույլ տվեց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ներկայացուցչին ծանոթանալ լուսանկարներին և փաստաթղթերին դատարանում, միայն դրանց ծանոթանալուց հետո է նա կարող արտահայտել իր կողմնորոշումը գործի ընթացքի վերաբերյալ, ով խնդրեց իրեն տրամադրել ժամանակ նոր ապացույցների ուսումնասիրման համար:
Նախնական դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին:
Հանրային թղթակից` Հասմիկ Ասատրյան
Աղբյուրը` Իրավաբան.net