Արտակ Նազարյանի մահվան գործով նոյեմբերի 13-ի դատական նիստը հետաձգվել էր ամբաստանյալների պաշտպանների չներկայանալու պատճառով: Չէին ներկայացել նաև տուժողի ներկայացուցիչ Ծովինար Նազարյանը և վերջինիս ներկայացուցիչները: Ծովինար Նազարյանն ու նրա հարազատները այդ օրը բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց, ցանկանալով ուշադրություն հրավիրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող դատավարության վրա, որն իրենց կարծիքով ընթանում է բազում կոպիտ խախտումներով:
Նոյեմբերի 14-ին դատաքննությունը շարունակվեց: Դատարանի դահլիճում սպասում էին դատական բժիշկ Վիգեն Ադամյանին: Դատարանը փորձագետին հրավիրել էր մեղադրող կողմի միջնորդությամբ: Վիգեն Ադամյանը, ինչպես ինքը ասաց, պատրաստված էր եկել և անմիջապես պատրաստակամություն հայտնեց պատասխանել հարցերին: Սակայն նախքան հարցերին պատասխանելը, նա հանդես եկավ հայտարարությամբ, ասելով որ փորձագիտական եզրակացության մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ, և խնդրեց այդ մասը հանել: Խոսքը վերաբերում է «հայտնաբերվել են կրծքավանդակի ձախ կեսի ձախ բազկի արյունազեղումներ» հատվածին: «Դա տպագրական սխալ է, այդպիսի վնասվածք չի եղել».- ասաց Ադամյանը: Եվս մի վրիպակի մասին էլ պարզաբանում տվեց փորձագետը, այս անգամ կապված փորձագիտական եզրակացության հավելվածում նշված ֆոտոլուսանկարների քանակի հետ: Ադամյանը նշեց, որ իրենց մոտ ստացվել է 16 լուսանկար, իսկ 19 թիվը, որ նշված է փաստաթղթում, վրիպակի արդյունք է: Ի հավաստումն դրա, փորձագետը դատարանին ներկայացրեց ֆոտոլուսանկարների հաշվառման մատյանի համապատասխան էջի պատճենը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը Ադամյանին հարցեր տվեց փորձագիտական եզրակացության որոշ ձևակերպումների հետ կապված, որոնք վերաբերում են Արտակ Նազարյանին հասցված վնասվածքների ժամանակագրությանը: Իրավապաշտպանը խնդրեց պարզաբանել, թե ինչ են նշանակում «մահվանից ոչ շատ առաջ», «մինչև մոտ վեց ժամ առաջ» բնութագրումները: Հարց ու պատասխանը գնալով թեժացավ ու վերածվեց վիճաբանության: Թեժացած կրքերը հանդարտեցնելու նպատակով դատավոր Մարդանյանը հայտարարեց 10 րոպե ընդմիջում: Ընդմիջումը ձգվեց մոտ 30 րոպե: Դատական նիստը վերսկսվելուց հետո պարզվեց, որ դատական բժիշկ Վիգեն Ադամյանը ծածուկ լքել է դատանի շենքը, դատարանի գրասենյակում թողնելով դատարանին ուղղված դիմում: Տուժողի իրավահաջորդն ու ներկայացուցիչները դատարանին միջնորդեցին հաջորդ դատական նիստին կրկին հրավիրել դատական բժիշկ Վիգեն Ադամյանին, քանի որ խախտվել է դատավարության մրցակցության ու հավասարության սկզբունքը: Փորձագետին հնարավորություն ունեցավ հարցեր ուղղել միայն մեղադրող Հարոյանը, տուժողի իրավահաջորդի հարցերը կիսատ մնացին, իսկ պաշտպանները ընդհանրապես զրկվեցին փորձագետին հարցեր տալու իրավունքից: Փորձագետին կրկին դատարան հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանեցին նաև ամբաստանյալների պաշտպանները: Դատարանը բավարարեց Վիգեն Ադամյանին կրկին դատարան հրավիրելու միջնորդությունը: Այնուհետև մեկ այլ միջնորդությամբ հանդես եկավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Նա միջնորդեց դատարանին անթույլատրելի համարել ապօրինի անազատության մեջ գտնված վկաների ցուցմունքները, հարցաքննություններն ու առերեսման արձանագրությունները, ինչպես նաև միջնորդել ՀՀ գլխավոր դատախազին, քրեական գործ հարուցել զորամասի հրամանատար Ս. Ղազարյանի նկատմամբ:
Հանրային թղթակից` Վահագն Թամրազյան
Աղբյուրը` Իրավաբան.net