Զինվորն ունեցե˚լ է գիշերային տեսիլքներ

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Աիդա Հովհաննիսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ քրեական գործի քննությունն ըստ մեղադրանքի Նարեկ Խաչատրյանի: Նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով` շարքային, զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով սկզբում կատարել է հոգեկան հիվանդության սիմուլյացիա, մասնավորապես` 2011թ. դեկտեմբերի 23-ին նշված զորամասում ծառայության նշանակվելուց հետո հայտարարել է, թե գիշերներն աչքերին տեսիլքներ են երևում, որի պատճառով ուղարկվել է գնդի բուժկետ բժիշկների դինամիկ հսկողություն տակ պահելու նպատակով, որտեղ նաև անդամախեղելու միջոցով, այն է` 25.12.2011թ. ժամը 03-ից 04-ի սահմաններում բուժկետի թիվ 7 հիվանդասենյակում ածելիով իր ձախ նախաբազկի շրջանին պատճառել է կտրված վերքերի ձևով առողջությունը կարճատև քայքայող թեթև վնաս, իսկ երբ N զորամասի հոգեբուժական բաժանմունքում ստացած համապատասխան բուժումներից, ապա անցկացված ռազմաբժշկական փորձաքննությունից հետո նրա մոտ հոգեկան հիվանդություն չի հայտնաբերվել, 10.02.2012թ. ՀՀ ՊՆ N զորամաս տեղափոխվելու ճանապարհին, երբ ավտոմեքենան կայանվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի տարածքում, չցանկանալով վերադառնալ զորամաս և շարունակել զինծառայությունը, ինքնակամ թողել է հոսպիտալի տարածքը, հաջորդ օրը ժամը 03:50-ին մեծ քանակությամբ դեղահաբեր օգտագործած վիճակում ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ ՌՈ, այնտեղից անմիջապես ուղարկվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, ապա «Արմենիա» ՀԲԿ-ի սուր թունավորումների բաժանմունք, իսկ 14.02.2012թ. կրկին տեղափոխվելով ԵԿԶՀ-ի հոգեբուժական բաժանմունք` 06.03.2012թ. ներկայացվել է ԿՌԲՀ-ի նիստին և նրա մոտ ախտորոշվել է «շինծու-շանտաժային վարք»: Բացի այդ 13.03.2012թ. արդեն գտնվելով ՀՀ ՊՆ ՌՈ կարգապահական մեկուսարանում հայտարարել է, թե իբր ապակի է կուլ տվել:

 

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Նարեկ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 363- րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ ազատազրկման ձևով՝ երեք տարի և վեց ամիս ժամկետով:

 

Վերաքննիչ բողոքով ցանկանում են ամբողջությամբ բեկանել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, տալ ճիշտ քրեաիրավական որակում Ն. Խաչատրյանի գործողություններին և նրա նկատմամբ նշանակել կատարած արարքին համաչափ պատիժ:

 

Այսօր դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալի պաշտպանը:

 

Ամբաստանյալը ցանկություն հայտնեց գործը քննել իր պաշտպանի մասնակցությամբ:

 

Մեղադրող կողմը չառարկեց՝ նշելով, որ պաշտպանի ներկայությունն իսկապես կարևոր է:

 

Դատարանը, լսելով կողմերին, հետաձգեց դատական նիստը:

 

Հաջորդ դատական նիստ տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 16:00-ին:

Հանրային թղթակից` Զարուհի Հարությունյան

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել