Այսօր` նոյեմբերի 14-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Մատաղիսի գործի քննությունն ըստ մեղադրանքի` Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1, 5 և 7 կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Հիշեցնենք, որ այսօր դատարանը պետք է ունկնդրեր կողմերի ճառերը: Սակայն դատական նիստին ներկա էին միայն ամբաստանյալները: Չէին ներկայացել պետմեղադրողները, տուժողների իրավահաջորդները և ամբաստանյալների շահերի պաշտպանները: Չնայած, որ ամբաստանյալները դեմ չէին դատական նիստը շարունակել վերջիններիս պաշտպանների բացակայությամբ, այնուամենայնիվ, դատարանը ստիպված էր հետաձգել դատական նիստը` պետմեղադրողի դատական նիստին չներկայանալու պատճառով:
Դատարանը հրապարակեց գրություն` ստացված ՀՀ զինվորական դատախազությունից այն մասին, որ սույն քրեական գործով երկու մեղադրողները գտնվում են արձակուրդում, իսկ մեղադրող Արտակ Հարությունյանը, ով այսօր ճառով հանդես էր գալու` գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում բուժման մեջ:
Դատարանը գրությունը թողեց առանց քննության, նշելով, որ գրությունը ուղարկվել է սույն գործով դատավարության կողմ չհանդիսացող անձի կողմից, ինչպես նաև գրությանը կից չի ուղարկվել պետմեղադրողների արձակուրդի մեջ գտնվելու հրամանից քաղվածք և բժշկական հաստատությունից համապատասխան տեղեկանք:
Դատարանը մեղադրողի դատական նիստին չներկայանալու փաստը դիտեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածի դրույթներով, հայտարարեց, որ պետմեղադրողի նման վարքագիծ դրսևորելու համար դատարանը դիմելու է ՀՀ գլխավոր դատախազություն համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 19-ին, ժամը 11.00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net