Ինչպե՞ս է իրականացվում աուդիտը սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության ոլորտում

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին»  ՀՀ  Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության ոլորտում աուդիտն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են աուդիտ իրականացնող մարմնի անվանումը, աուդիտ իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) և հասցեն, աուդիտի նպատակը, ժամանակահատվածը:

Աուդիտն իրականացվում է նախնական ծանուցմամբ:

Աուդիտն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված այն ստուգաթերթերի հիման վրա, որտեղ ներառված են հարցեր բացառապես ՎՎՀԿԿ (վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի) համակարգի վերաբերյալ:

Աուդիտի հաճախականությունը հիմնվում է ռիսկերի գնահատման վրա` հաշվի առնելով պարբերական հսկողական միջոցառումների արդյունքները:

Աուդիտն իրականացվում է առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիազոր մարմինը նախանշում է աուդիտի նպատակներն ու խնդիրները և կազմում աուդիտի տարեկան ծրագիրը, ինչպես նաև այն հաստատում և հրապարակում է իր պաշտոնական էլեկտրոնային կայքում: Աուդիտի տարեկան ծրագրում նշվում են նաև այն կազմակերպությունների անվանումները, որոնք տարվա ընթացքում ենթակա են աուդիտի:

Աուդիտ իրականացնելիս պետական վերահսկողություն իրականացնող անձը նախապես ուսումնասիրում է նախադրյալային ծրագրերը, նախկին աուդիտի ստուգաթերթի արդյունքները (եթե առկա են), տվյալ սննդամթերքի արտադրական տեխնոլոգիական գործընթացը, ներդրված ՎՎՀԿԿ ծրագիրը, ինչպես նաև ծանոթանում է նախկինում կատարված փորձաքննությունների արդյունքներին և նմուշառման մեթոդներին:

Իրազեկման աղբյուրը՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին»  ՀՀ  Օրենք 9-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել