Այսօր ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում` նախագահությամբ Էդվարդ Նահապետյանի, կայացավ հերթական նախնական դատական նիստն ըստ հայցի Դոնարա Մանուկյանի` Գյումրու քաղաքապետի 11 հունիսի 2012թ. թիվ 1472Ա որոշումը և ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից 18.06.2012թ. կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատական նիստին ներկա էին հայցվոր` Դոնարա Մանուկյանը և վերջինիս ներկայացուցիչ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը, 3-րդ անձ Կարինե Մարտիրոսյանը և վերջինիս ներկայացուցիչ` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Աննա Դավթյանը: Նիստին չէին ներկայացել պատասխանողները` Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչը և 3-րդ անձ` Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջիններս պատշաճ ծանուցված էին դատական նիստի վայրի և ժամի մասին:
Դատարանը, հաշվի առնելով կողմերի կարծիքը, նաև այն հանգամանքը, որ նախնական դատական նիստին չներկայացած կողմերը պատշաճ ծանուցված էին և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրնսգրքի 86-րդ հոդվածի դրույթներով, չհետաձգեց դատական նիստը:
Դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց հայցի առարկան, հիմքերը, իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը: Գործով ներգրավված 3-րդ անձ Կարինե Մարտիրոսյանը չընդունեց հայցը և համարեց անհիմն: Վերջինիս ներկայացուցչի այն հարցին, թե իր վստահորդի կողմից կառուցված զուգարանը հայցվորի ինչին է խանգարում, հայցվորը պատասխանեց, որ ընդամենը իր սեփականության իրավունքին:
Նշենք, որ բազմաբնակարան շենքում զուգարանը կառուցվել է հայցվորի և 3-րդ անձ Կարինե Մարտիրոսյանի բնակարանների նույն հարթակում:
Գործով 3-րդ անձ` Կարինե Մարտիրոսյանի ներկայացուցիչը հստակ նշեց, որ գոյություն ունի քաղաքապետի համապատասխան որոշում, որի հիման վրա կառուցվել է զուգարանը և պատշաճ գրանցվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանումում:
Դատարանը գործով դատաքննություն չնշանակեց, քանի որ հայցվորի ներկայացուցիչ Կարեն Հովհաննիսյանը դատարանին միջնորդեց լրացուցիչ ապացույց ներկայացնելու համար ժամանակ տրամադրել, մասնավորապես` Գյումրու քաղաքապետարանից պահանջելու և ստանալու սույն գործով վարչական վարույթի ամբողջ նյութերը: Ինչպես նաև դատարանը լսելով կողմերի կարծիքը որոշեց սույն գործով որպես 3-րդ անձինք ներգրավել Գոհար, Մարգարիտա և Հովհաննես Հովհաննիսյաններին, ովքեր հանդիսանում են գործով 3-րդ անձ` Ռոբերտ Հովհաննիսյանի և Կարինե Մարտիրոսյանի զավակները:
Դատարանը նախնական դատական նիստն ընդմիջեց մեկ այլ հերթի, իսկ հաջորդ դատական նիստի վայրի և ժամի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net