Ինչպես գիտենք, կողմերը դատարան են կանչվում ծանուցագրերի միջոցով: Ծանուցագրերում նշում է կատարվում դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:
Ծանուցագիրը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը և ստույգ հասցեն.
2) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.
3) գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է.
4) նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին.
5) նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում.
6) նշում` չներկայանալու հետևանքների մասին
«Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով: Ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում, որ գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:
Աղբյուրը` Իրավաբան.net