Դատարաններում քննվող բոլոր գործերով պետական տուրքը գանձվում է պետական բյուջե:
Պետական տուրքը վճարվում է`
1) հայցադիմումների.
2) որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների.
3) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների.
4) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների.
5) իրավաբանական անձանց և քաղաքացիներին սնանկ ճանաչելու մասին դիմումների.
6) արբիտրաժային տրիբունալի վճիռների հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին դիմումների.
7) դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Հայցագինը մեծացնելու դեպքում պետական տուրքի չբավականացնող գումարը գանձվում է վճիռը կայացնելիս` ավելացված հայցագնին համապատասխան: Հայցագինը նվազեցնելու դեպքում վճարված տուրքը չի վերադարձվում:
Պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան:
Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են վերը նշված կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net