Պաշտպանը կայացնում է որոշում բողոքը չքննարկելու մասին, եթե բողոքում բարձրացված հարցի լուծումը դուրս է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակից, կամ առկա են բողոքը չքննարկելու՝ օրենքով նախատեսված հիմքերը:
Պաշտպանը կարող է չքննարկել՝
– այն բողոքները, որոնք անանուն են,
– երբ պարզվում է, որ բողոքի հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
– այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և ազատությունների խախտման մասին:
– այն բողոքները, որոնք պահանջ չեն բովանդակում,
– այն բողոքները, որոնք չեն վկայում մարդու իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին,
– այն բողոքները, որոնց բովանդակությունից պարզ չէ, թե որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ դրանց պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի կողմից է խախտվել բողոք ներկայացրած անձի իրավունքը:
– երբ պահպանված չեն օրենքով բողոքի համար սահմանված պահանջները, կամ բողոք ներկայացրած անձն այն անհետևանք թողնելու կամ չքննարկելու խնդրանքով դիմել է պաշտպանին:
Բողոքը չի քննարկվում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ բողոք ներկայացնելուց հետո շահագրգիռ անձը բողոքում նշված նույն հիմքով և առարկայով հայց կամ բողոք է ներկայացրել դատարան, կամ առկա է նույն հիմքով և նույն առարկայով հայցի կամ բողոքի վերաբերյալ դատարանի վերջնական դատական ակտ:
Բողոքը չքննարկելու մասին որոշում կայացնելիս պաշտպանը բողոք ներկայացրած անձին պարզաբանում է բողոքը չքննարկելու հիմքերը, ինչպես նաև այդ բողոքի քննարկման` օրենքով նախատեսված կարգը:
Իրազեկման աղբյուրը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 21-րդ հոդված: