Ռազմաբժշկական հաստատություններում անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության և սպասարկման ծառայությունների հարցերը կարգավորված չեն․ ՊՆ-ն նախագիծ է ներկայացրել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է մի նախագիծ, որով կկարգավորվի ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների կողմից «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցումից ստացված միջոցների մուտքագրման և տնօրինման, ռազմաբժշկական հաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ հարաբերությունները։

Այս օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները կարող են քաղաքացիներին մատուցել բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայություններ, սակայն հստակեցված չեն ստացված միջոցների մուտքագրման և ծախսման ընթացակարգը, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված հարցերը, ինչը խոչընդոտ է հանդիսանում գործընթացի պատշաճ իրականացմանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բնագավառում քաղաքականությունն ուղղված է ապահովելու ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վճարովի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացի պատշաճ կազմակերպումը և իրականացումը:

Նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին մատուցված բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայություններից ստացված (ներառյալ՝ համավճարի և սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող) միջոցների մուտքագրման կարգը և ծախսման ուղղությունները, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պատվերի տեղադրման և դրա կատարողականի վերաբերյալ դրույթներ՝ ի դեմս ՀՀ առողջապահության և ՀՀ պաշտպանության նախարարների համատեղ հրամանի և վարչական ակտի, հաշվի առնելով ՀՀ կառավարության 18.01.2002թ. N 48 որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետի պահանջները:

Եթե այս նախագիծն ընդունվի, ապա կապահովվի ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վճարովի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացի պատշաճ կազմակերպումը և իրականացումը:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել