Վեճն ըստ էության սպառվելու դեպքում դատական ծախսերի հատուցման կարգը

Դատական պրակտիկայում լինում են դեպքեր, երբ անձը վարչական մարմնի կողմից խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է ՀՀ վարչական դատարան, և դատարանում գործի քննության ընթացքում այն վարչական մարմինը, որի դեմ ներկայացվել է հայցը վերացնում է անձի իրավունքների խախտումը: Այդ պարագայում դատարան դիմած անձի հայցը բավարարելու հիմքեր այլևս չեն լինում, իսկ ներկայացված հայցը մերժելու դեպքում հայցվորի կողմից կատարված դատական ծախսերը (փաստաբանին վճարված գումար, պետական տուրք կամ այլ) այլևս չեն հատուցվում:

Նման դեպքերում դատական ծախսերի բռնագանձման հնարավորությունից չզրկվելու նպատակով հայցվորը կարող է դատարանին միջնորդել, որ վեճն ըստ էության սպառվելու հիմքով վարչական գործի վարույթը կարճվի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վեճն ըստ էության սպառվելը վարչական դատարանում քննվող գործի վարույթը կարճելու հիմք է: Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածը սահմանում է, որ  վեճն ըստ էության սպառվելու հիմքով վարչական գործի վարույթը կարճելու դեպքում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա։

Վերոգրյալից հետևում է, որ դատարանն իրավունք ունի դատարան դիմած անձի կողմից կատարված փաստացի ծախսերը հատուցելու պարտականությունը դնել վնաս պատճառած վարչական մարմնի վրա, անգամ եթե մինչև վճիռ կայացնելը անձի իրավունքների խախտումը վերացնելով վարչական մարմինը նպատակ է հետապնդել խուսափել դատական ծախսերից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել