Յուրաքանչյուր զինծառայող, գործուղման կամ արձակուրդի վայր գալով, պետք է հաշվառման անցնի կայազորի զինվորական պարետատանը

Յուրաքանչյուր զինծառայող, գործուղման կամ արձակուրդի վայր գալով, պետք է հաշվառման անցնի կայազորի զինվորական պարետատանը (եթե չկա` մոտակա զինկոմիսարիատում), իսկ ծառայավայր մեկնելուց առաջ` դուրս գա հաշվառումից: Զինծառայողի ժամանման վայրը կայազորի զինվորական պարետատնից կամ զինկոմիսարիատից 10 կմ ավելի հեռու լինելու դեպքում զինծառայողը կարող է հաշվառման անցնել (հաշվառումից դուրս գալ) պետական իշխանության և կառավարման տեղական մարմիններում:

 

Զորամաս գործուղված զինծառայողները հաշվառման են անցնում տվյալ զորամասում: Հաշվառման անցնելու և հաշվառումից դուրս գալու դեպքում գործուղման վկայականի կամ արձակուրդային թերթիկի վրա կատարվում է համապատասխան նշում: Ժամանելու մասին նշումը պետք է արվի ոչ ուշ, քան ժամանելու հաջորդ օրը, իսկ մեկնելու մասին` նախօրյակին կամ մեկնելու օրը:

 

Պայմանագրով ծառայության անցած սպաներին, ենթասպաներին, կին-զինծառայողներին, ինչպես նաև զինվորներին, սերժանտներին, ովքեր պայմանագրով են անցել իսկական զինվորական ծառայության և գտնվում են արձակուրդում, թույլատրվում է կայազորի զինվորական պարետատուն (զինկոմիսարիատ) ներկայանալ քաղաքացիական հագուստով: Բոլոր զինծառայողները գործուղման մեջ կամ արձակուրդում գտնվելիս պարտավոր են ունենալ արձակուրդային թերթիկ կամ գործուղման վկայական և ներկայացնել պետերի և ավագների պահանջով: Հասցեն փոխելու, արձակուրդը կամ գործուղման ժամկետը երկարացնելու թույլտվություն ստանալու, հիվանդության կամ ժամանակին մեկնելը հետաձգելու և այլ պատճառների դեպքում զինծառայողները պետք է այդ մասին անհապաղ հայտնեն կայազորի զինվորական պարետատուն, զինկոմիսարիատ կամ պետական իշխանության ու կառավարման տեղական մարմին (որտեղ հաշվառման են անցել):

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել