Հաստատվել են բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության շենքերի դասակարգման ցանկերը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017թ-ի հուլիսի 4-ին որոշում է ստորագրել, որի համաձայն սահմանվել է շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը։ Այս որոշումն ուժի մեջ է մտել մարտի 8-ին։

29 հունիսի 2017 թվականի N 757-Ն որոշման համաձայն սահմանվել է, որ ՀՀ տարածքում շենքերը, շինությունները դասակարգվում են բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության։ Դրանցից յուրաքանչյուրին ծանոթացեք ստորև։

Բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը 

1. Բնակելի` մարդկանց բնակության համար նախատեսված շինություններ, բաղկացած բնակելի և օժանդակ մասերից` օժտված կոմունալ հարմարություններով:

2. Բնակարան` բնակելի շենքում գտնվող առանձին տարածք, որը կազմված է բնակելի և օժանդակ մասերից` օժտված կոմունալ հարմարություններով:

3. Բազմաբնակարան շենք` շենք, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք, և որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվել բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև:

4. Բնակելի տուն` տուն` բնակավայրի տարածքում, առանձին հողամասում, որն ունի առանձին փոստային համար և տնտեսական շինություններ.

  • հիմնական է կոչվում այն շինությունը, որը նույն հողատարածքի վրա գտնվող այլ շինությունների շարքում հանդիսանում է իշխողը (գլխավորը) շինվածքի հիմնականության, ճարտարապետական հորինվածքի և նպատակային նշանակության հատկանիշներից ելնելով: Նույն հողատարածքի վրա կարող են տեղադրված լինել մեկից ավելի հիմնական շինություններ.
  • օժանդակ է կոչվում այն շինությունը, որը նույն հողատարածքի վրա գտնվող հիմնական շինության նկատմամբ ունի երկրորդական նշանակություն: Օժանդակ շինությունների թվին են պատկանում անասնաշենքերը, հացատները, խորդանոցները, մարագները, ցախատները, անհատական օգտագործման ավտոտնակները, շվաքարանները, ջերմոցները, մառանները և այլն, բակային ջրավազաններն ու կառույցները:

5. Բնակելի մակերես` բնակելի սենյակների մակերեսների գումար:

6. Օժանդակ մակերես` օժանդակ տարածքների (միջանցք, խոհանոց, լողարան, նախասենյակ և այլն) մակերեսների գումար:

7. Ընդհանուր մակերես` բնակելի և օժանդակ մակերեսների գումար:

8. Բակային կառույց` տնտեսական օգտագործման շինություններ, այդ թվում` պարիսպներ, դարպասներ, աղբահորեր, ջրհորներ, բակային ծածկույթներ և այլն:

9. Կցակառույց` շենքի արտաքին հիմնապատերի ուրվագծից դուրս գտնվող մաս, որը շենքի նկատմամբ օժանդակ է, ունի նրա հետ առնվազն մեկ ընդհանուր հիմնապատ և հաղորդակից է հիմնական շենքին:

10. Ավտոտնակ (ավտոկայանատեղի, ավտոհանգրվան)` շենք կամ շենքերի ու շինությունների համալիր, որը նախատեսված է ավտոմեքենաների մշտական կամ ժամանակավոր պահման, ինչպես նաև տեխնիկական սպասարկման համար:

11. Նկուղային հարկ` հարկ, որի հատակի նիշը ցածր է գետնի միջինացված հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից այնտեղ տեղավորված հարկի բարձրության կեսից ավելի չափով:

12. Որմնախարսխային հարկ` հարկ, որի հատակի նիշը հարկի բարձրության կեսից պակաս չափով ցածր է գետնի միջինացված հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից:

13. Տեխնիկական հարկ` հարկ, որը նախատեսվում է ինժեներական սարքավորումների ու հաղորդակցուղիների անցկացման համար և կարող է գտնվել շենքի ստորին, միջին կամ վերին մասում:

14. Ձեղնահարկ` շենքի տանիքի ծածկույթի, արտաքին պատերի և վերջին հարկի ծածկի միջև պարփակված տարածություն:

15. Կիսավերնահարկ` վերակառույց ցածրահարկ բնակելի տան կենտրոնական մասում ձեղնահարկի սահմաններում, որը ծառայում է որպես ննջարան և ներքին սանդուղքով կապված է բնակարանին:

16. Մանսարդային հարկ` հարկ շենքի տանիքի ազատ տարածության մեջ, որտեղ պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացումն ապահովելու դեպքում տեղավորվում են բնակելի սենքեր, ստեղծագործական արվեստանոցներ, օժանդակ տարածքներ:

17. Լուսասենյակ` ձեղնահարկի ուրվագծային չափերի մեջ ներկառուցված տարածություն, որն անփոփոխ է թողնում տանիքի շրջագիծը:

18. Վերնասրահ` բնակելի տան վերնամասը գրավող հարթակ, որը կոչված է նրա մակերեսի մեծացմանը և բնակելի, օժանդակ, պահեստային և այլ տարածությունների տեղադրմանը:

19. Պատշգամբ` ճաղապատված հարթակ` բնակելի և հասարակական շենքերի ճակատների վրա, որն առաջ է գալիս պատի հարթությունից:

20. Տափարակ` հանգստի համար նախատեսված` հարթակի տեսքով բաց կամ ծածկված կցակառույց, որը տեղադրվում է գետնին կամ ստորին հարկի վրա և հաղորդակցվում է տան հետ դռան միջոցով:

21. Սյունասրահ` կառույցի ծավալի մեջ մեկ կողմից բաց (արտաքին պատի փոխարեն սյունաշար, կամարաշար) պատշգամբ կամ նախամուտք:

22. Էրկեր` շենքի ներքին ծավալի կորաձև կամ բազմանիստ ապակեպատ մաս, որը ելուստվում է շենքի արտաքին պատի հարթությունից:

23. Նախասրահ` շինության մուտքին հարող տարածք, նախատեսված մարդկային հոսքի ընդունման և բաշխման համար:

24. Նախամուտք` դռների միջև ընկած միջանցիկ տարածք, որը պաշտպանում է շինության մուտքը, աստիճանավանդակը և ներքին տարածություններն արտաքինից ներխուժող սառը օդից, ծխից և կողմնակի հոտերից:

25. Նախասենյակ` շինության այն մասը, որն ունի անմիջական ելք դեպի աստիճանավանդակ, ընդհանուր օգտագործման միջանցք և այլն:

26. Բնակելի սենյակ` բնակելի տան, բնակարանի, հանրակացարանի մի մաս, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու և հանգստի համար: Բնակելի տների մեջ, բացի բնակելի սենյակներից, մտնում են նաև միջանցքները, սրահները, խոհանոցները, զուգարանները, լողարանները, մառանները, նախասենյակները և ներքին նախամուտքերը:

27. Միջանցք` սենյակների միջև հաղորդակցության միջոց, որն անկախ լայնությունից և լուսավորվածությունից հաշվառվում է որպես ոչ բնակելի տարածք:

28. Խորշապատշգամբ` շենքի ծավալի մեջ պարփակված և տարածության մեջ բացված հարթակ, որը ծառայում է ամառային հանգստի և արևից պատսպարվելու համար:

29. Բարաք` բնակության համար նախատեսված մեկ կամ երկհարկանի ընդհանուր խոհանոցով և սանհանգույցով շինություն` որպես կանոն փայտաշեն, հաշվառված կարճատև` 10-20 տարի, ծառայության համար:

30. Շենքի տանիք` շենքի վերին պատվածքը, որն անմիջականորեն ենթարկվում է մթնոլորտային ազդեցության:

31. Հանրակացարան` ժամանակավոր բնակության համար նախատեսված տարածք:

Հասարակական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկ

1. Հասարակական` բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շենքերը, շինությունները:

2. Գիտական, կրթական և ուսումնական նշանակության շենքեր և շինություններ, այդ թվում`

  • գիտական, գիտահետազոտական գործունեություն ծավալող կազմակերպությունների շենքեր և շինություններ.
  • կրթական և ուսումնական նշանակության շինություններ, որոնք նախատեսված են նախադպրոցական (մսուր և մանկապարտեզ), հանրակրթական (տարրական, հիմնական, միջնակարգ, ավագ, վարժարան, կրթահամալիր, հատուկ), նախնական մասնագիտական ուսումնարանների, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ կրթության (այդ թվում` արտադպրոցական դաստիարակության) ուսումնական հաստատությունների համար և այլն:

3. Առողջապահության, սոցիալական ապահովության, սպորտի, հանգստի և ժամանցի համար նախատեսված շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են հիվանդանոցների, պոլիկլինիկաների, հոսպիտալների, ամբուլատորիաների, շտապ բժշկական օգնության կայանների, ծննդատների, կաթնային խոհանոցների, դեղատների, հակահամաճարակային կայանների, առողջապահական գործակալությունների, վերականգնողական և դիագնոստիկ կենտրոնների, առողջարանների, առողջարանային դպրոցական ճամբարների, հանգստյան տների, հանգստի բազաների, երիտասարդական ճամբարների, հյուրանոցների, զբոսաշրջային բազաների, մոթելների, քեմփինգների, մանկատների, ծերանոցների, պրոֆիլակտորիաների, մարմնակրթական և սպորտային կենտրոնների, մարզադաշտերի, ձիարշավարանների, կենդանաբանական այգիների, բուսաբանական այգիների, թենիսի կորտերի, լողավազանների, ավտոդրոմների, հրաձգարանների, սպորտային դահլիճների, գիշերային ակումբների, ատրակցիոնների և ավտոմատ խաղերի դահլիճների, խաղատների և այլնի համար:

4. Մշակույթի, արվեստի շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են գրադարանների, թանգարանների, ցուցասրահների, պատկերասրահների, ակումբների, մշակույթի տների, թատրոնների, հանգստի կենտրոնների, կինոթատրոնների, համերգային և մարզահամերգային համալիրների, կրկեսների, արվեստանոցների և այլնի համար:

5. Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են խանութների, կրպակների, շուկաների, տոնավաճառների, ռեստորանների, բարերի, ճաշարանների, սրճարանների, ավտոլցավորման և գազալցման կայանների, ավտոտեխսպասարկման կայանների, ավտոկայանատեղերի, վերանորոգման կետերի, լուսանկարչատների, քիմիական մաքրման կետերի, կոշիկի և կարի անհատական պատվերների սրահների, վարսավիրանոցների, լվացքատների, երկրորդական հումքի ընդունման կետերի, ներկատների և այլնի համար:

6. Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են հարսանյաց տների, սգո սրահների, գերեզմանատների, բաղնիքների, սաունաների, հասարակական զուգարանների և այլնի համար:

7. Վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, վարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, դրամատների, բանկերի, տարբեր տիպի գրասենյակների, իրավաբանական խորհրդատվության, նոտարական գրասենյակների, տարբեր տիպի գործակալությունների, կապի բաժանմունքների, տրանսպորտի բոլոր տիպի կայանների (ավտոկայաններ, օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ և այլն), ուղևորների սպասարկման գրասենյակների, տրանսպորտային գործակալությունների, տոմսերի իրացման կետերի, հրշեջ կայանների, լրատվական կենտրոնների, արխիվների, ապահովագրության հիմնարկների, դեսպանատների, հյուպատոսարանների, միջազգային կազմակերպությունների, հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների, ավտոմատ հեռախոսակայանների, քրեակատարողական հիմնարկների, զորամասերի և այլնի համար:

8. Կրոնական, պաշտամունքային շենքեր և շինություններ:

9. Բնակչության պաշտպանության համար նախատեսված քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ, այդ թվում`

  • ապաստարան – քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է զենքի խոցման միջոցների ազդեցության հետևանքով (առանց ուղիղ խոցման հաշվարկի), ռադիոակտիվ և թունավոր նյութերից, մանրէաբանական և կենսաբանական միջոցներից, հրդեհներից առաջացող բարձր ջերմաստիճանից մարդկանց պատսպարման ու այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար.
  • հակաճառագայթային թաքստոց – քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է պատսպարվողներին իոնիզացնող ճառագայթման ներգործությունից պաշտպանելու համար:

Արտադարական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկ

1. Արտադրական` արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շենքերը, շինությունները:

2. Արդյունաբերական, որոնք զբաղեցված են գործարաններով, ֆաբրիկաներով, տարբեր տիպի էլեկտրակայաններով և ենթակայաններով, թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույցներով, ձկնաբուծարաններով և ձկնաբուծական լճերով, արհեստանոցներով, տարբեր տիպի արտադրամասերով, կոմբինատներով, լեռնահանքային արտադրություններով, շինարարական կազմակերպություններով, մեծածախ բազաներով, սառնարանային տնտեսություններով, հրատարակչություններով, տպարաններով, պահեստներով, գիտաարտադրական կազմակերպություններով, նախագծային և կոնստրուկտորական կազմակերպություններով, հանքարդյունաբերական կազմակերպություններով, պոմպակայաններով, ջրամբարներով, մաքրման կայաններով, հիդրոտեխնիկական կառույցներով, կաթսայատներով, տրանսպորտային կազմակերպություններով (ավտոպարկ, դեպո), ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքների կառույցներով և այլնով:

3. Գյուղատնտեսական արտադրական, որոնք զբաղեցված են անասնաշենքերով, թռչնանոցներով, ջերմոցներով, դեզանոցներով, չորանոցներով, սիլոսահորերով, պահեստներով, անասնաբուժական կայաններով, արհեստական սերմնավորման կայաններով, սառնարանային տնտեսություններով, կերախոհանոցներով, սերմնաբուծական, թռչնաբուծական և անասնաբուծական կայաններով, տնկարկային տնտեսություններով, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկերով, գյուղատնտեսական մթերքների մթերման կետերով և այլնով:

4. Մեկից ավելի տարբեր նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքերը, շինություններն ընդգրկվում են այն նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման կազմում, որն ունի ավելի մեծ մակերես` բացառությամբ բազմաբնակարան շենքերի և բնակելի տների:

5. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում գտնվող հասարակական կամ արտադրական նշանակության շինություններն ըստ նպատակային նշանակության դասակարգվում են հասարակական կամ արտադրական նշանակության:

Ալիսա Չիլինգարյան 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել