Հայաստանի Հանրապետության նախագահների և վարչապետի նստավայրի պատմությունը…

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, նախագահի աշխատանքային վայրը, իսկ այժմ նաև վարչապետինը, տեղակայված է Երևանում` Մարշալ Բաղրամյան պողոտա 26 հասցեով։

Նստավայրի շենքը նախագծվել է 1951 թ-ին որպես Հայաստանի ԽՍՀ Մինիստրների Խորհրդի տուն, հետագայում ծառայել է որպես Հայաստանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք։ Նախագծի հեղինակը Մարկ Գրիգորյանն է։ Շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել է 2720 քմ։ Առաջին հարկի 338 քմ մակերեսով 10 մ բարձրությամբ տարածքը նախատեսված է ընդունելությունների համար՝ առանձին սրահներով։

Մարկ Գրիգորյան

1987 թվականին շենքը վերակառուցվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծի հիման վրա։ Շենքի երկու կողմերում ավելացվել է 10 մ լայնությամբ և 6 մ երկարությամբ երկու եռահարկ շենք։ Վերակառուցման արդյունքում շենքի ընդհանուր մակերեսը կազմել է 4470 քմ։

1992 թ-ից ծառայում է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր։

2009-2010 թթ. Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով շենքի առանցքով ետնամասում կառուցվել է քառահարկ շինություն, որպես վարչական մասնաշենք 3150.0 քմ ընդհանուր մակերեսով։ Շենքի արտաքին պատերը երեսապատված են բաց դեղնավուն ֆելզիտով և տրավերտինով։

Առաջին հարկը և երրորդ հարկի մի հատվածը նախատեսված են ընդունելությունների համար՝ առանձին սրահներով։ Շենքի մնացած հատվածը ծառայում է որպես վարչական մաս։ Շենքի արտաքին պատերը կառուցված են դեղնավուն տուֆով։

ՀՀ նախագահի նստավայրի տարբեր սրահներում են պահվում Հովհաննես Այվազովսկու, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հակոբ Հակոբյանի և մի շարք այլ նշանավոր նկարիչների գեղանկարները, որոնք ի պահ են տրվել նախագահի աշխատակազմին Հայաստանի ազգային պատկերասրահիկողմից։

Հետաքրքրական է, որ 1960 թվականին Մարկ Գրիգորյանը, որպես շենքի նախագծի հեղինակ, պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով։

Բաղրամյան 26 վարչական շենքը ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականին ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։

Հիշեցնենք, որ նոր նախագծով՝ նախագահական նստավայրի հասցեն Մաշտոցի պողոտա 47-ը կդառնա, իսկ վարչապետի նստավայրը տեղակայված է լինելու Բաղրամյան 26 հասցեում: Այժմ Մաշտոցի պողոտա 47-ում տեղակայված է Կառավարության ընդունելությունների տունը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել