Ո՞ր դեպքերում և ի՞նչ ժամկետներով է դատապարտյալի նկատմամբ նշանակվում հանրային աշխատանքներ

Հանրային աշխատանքները դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող, դատապարտյալի կողմից հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է:

Հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

Հանրային աշխատանքները նշանակվում են երկու հարյուր յոթանասունից երկու հազար երկու հարյուր ժամ ժամկետով։

Հանրային աշխատանքները չեն նշանակվում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, դատավճիռ կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած, կենսաթոշակային տարիք ունեցող անձանց, հղի կանանց և ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների նկատմամբ:

Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց:

Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում՝ դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաև ՀՀ Քրեական Օրենսգրքի 51-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում:

«ՀՀ Քրեական Օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 01.03.2017թ. ընդունված ՀՀ Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ Քրեական Օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը լրացվեց հետևյալ բովանդակությամբ՝

Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին:

«ՀՀ Քրեական Օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 01.03.2017թ. ընդունված ՀՀ Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ՀՀ Քրեական Օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը լրացվեց հետևյալ բովանդակությամբ՝

Դատարանը դիմումը քննարկելիս հաշվի է առնում դատապարտյալի կողմից կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, դատապարտյալի անձը բնութագրող տվյալները, պատճառված վնասը հատուցելու մասին պահանջի բացակայությունը կամ հատուցված լինելը, ինչպես նաև այլ հանգամանքներ, որոնք կհիմնավորեն անձի նկատմամբ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածությունն ու արդարացիությունը պատժի նպատակների իրականացման տեսանկյունից:

Վերը նշված փոփոխությունները ուժի մեջ են մտել 2017թ. ապրիլի 8-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել