Քրեական պատասխանատվություն կնախատեսվի ահաբեկչական կամ էքստրեմիստական գործունեության կատարմանն ուղղված կոչերի համար

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է  քրեական օրենսգրքի 23-րդ գլխում կատարել լրացում՝ առանձին հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսելով որպես հանցագործության առավել վտանգավոր տեսակ՝ նախատեսել առավել խիստ պատասխանատվության միջոցներ հրապարակայնորեն ահաբեկչությունն արդարացնելու, քարոզելու կամ  հանցանք կատարելու հրապարակային կոչերի համար:

Նախագծի հեղինակների խոսքով՝  միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ աշխարհի շատ երկրների քրեական օրենսգրքերում քրեական պատասխանատվություն է նախատեսված ահաբեկչական կամ էքստրեմիստական գործունեության կատարմանն ուղղված կոչերի համար:

Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքում քրեական պատասխանատվություն նախատեսված է միայն որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի համար: Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը քրեական     պատասխանատվություն է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, իսկ 385-րդ հոդվածը՝ ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի համար:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասում և 225հոդվածի 2-րդ մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում համապատասխանաբար զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերի համար:

Ահաբեկչության հետ կապված հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի դեմ քրեաիրավական միջոցներով պայքարելու անհրաժեշտությունը հիմնավորվում է հիշյալ երևույթի բարձր հանրային վտանգավորությամբ, օրեցօր աճող տարածվածությամբ, ինչպես նաև պետության վրա դրված կոնվենցիոն պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել