Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը դատի է տվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ին

Երևանի քաղաքաի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ պատասխանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի, որով խնդրել է ընկերությունից հօգուտ Երևան համայնքի բյուջեի բռնագանձել 12 միլիոն 344 հազար 305  դրամ, որից 10 միլիոն 563 հազար 910 դրամը որպես ապառք, 1 միլիոն 78 հազար 395 դրամը որպես տույժ:

Վարչական շրջանի ղեկավարը նաև պահանջել է ընկերությունից 246 հազար 886 դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, սակայն միաժամանակ միջնորդություն է ներկայացվել դատարան պետական տուրքի վճարումը հետաձգել մինչև անհրաժեշտ գումարը համապատասխան հաշվեհամարին փոխանցելը:

Դատարանը ուսումնասիրելով, ներկայացված հայցադիմումը հետ է վերադարձրել այն հայցվորին, քանի որ չեն պահպանվել հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցադիմումում պետք է նշվեն` դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը, գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման վկայականի համարը, հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման, հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, հայցապահանջների հիմքերը հաստատող ապացույցները, բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը, հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները, հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։

Տվյալ դեպքում, հայցվորը պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդություն ներկայացնելու և պետական տուրքը չվճարելու պայմաններում պահանջ է ներկայացրել` պետական տուրքը պատասխանողից հօգուտ Երևան համայնքի բռնագանձելու վերաբերյալ, այն դեպքում, երդ դատական ծախսերի հարցը վերջնական դատական ակտով լուծվում է  քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններին համապատասխան:

 Դատարանն արձանագրել է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման, իսկ կրկին ներկայացվելու, սույն որոշմամբ արձանագրված թերություններն ամբողջությամբ վերացված լինելու դեպքում` հայցադիմումը դատարանի կողմից կընդունվի վարույթ ու կհամարվի ընդունված սկզբնական ներկայացման օրը:

Հիշեցնենք, որ հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը։ Նշենք նաև, որ գործը հետ է ուղարկվել կողմերին 2017 թվականի դեկտեմբերի 28-ին, իսկ որոշումը կայացրել է Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել