Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց Դրագուշ Իոնուց Բոտեզատուի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Քիշտրուլյա» մականունով համերկրացու՝ ըստ չճշտված տվյալների Ռումինիայի քաղաքացի Կոստել Շերբանի հետ, 2008 թվականի օգոստոս ամսին տեղեկանալով, որ վերջինս նպատակադրվել է բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով հափշտակություններ իրականացնել Հայաստանի տարածքում գործող բանկերի բանկոմատներից, համաձայնվել է մասնակցել այդ գործին և ընդգրկվել է «Քիշտրուլյա»–ի և Լոնդոնում բնակվող վերջինիս քենակալի՝ Բաքու քաղաքում ծնված Ռումինիայի քաղաքացի Մարիուս Լուպուի կողմից էթնիկակական և համերկրացիական սկզբունքով կազմակերպված կայուն հանցավոր խմբի կազմում՝ Բաքու քաղաքում ծնված Կատալին Իոնուց Ապետրի Ֆուրդույի հետ միասին։ Դերաբաշխման համաձայն` «Քիշտրողյա»–ին և Մարիուս Լուպուին վերապահվել է խմբի անդամների գործողությունները կազմակերպելու և համակարգելու, գողության համար գործիք հանդիսացող բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով ապահովելու պարտականությունը, իսկ նրան և Կատալին Իոնուց Ապետրի Ֆուրդույին՝ բանկոմատներից անմիջականորեն գումարներ հափշտակելու, ինչպես նաև ՀՀ դրամի տեսքով գողոնր տարադրամով փոխարկելու և բանկային փոխանցումների միջոցով գումարը կազմակերպչի մատնանշած անձանց ուղարկելու պարտականությունը։
Այսօրվա դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալը, մեղադրող թարգմանիչը և պաշտպանը: Նախորդ դատական նիստին մեղադրողի կողմից միջնորդություն էր ներկայացվել առաջադրված մեղադրանքը փոփոխելու վերաբերյալ: Այսօրվա դատական նիստին ներկայացվեց տուժողի ներկայացուցչի կողմից քաղաքացիական հայցը, և քաղաքացիական հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվեց հինգ միլիոն յոթանասունհինգ հազար դրամի պահանջ: Ամբաստանյալի կողմից ամբողջ ծավալով ընդունվեց քաղաքացիական հայցի պահանջները: Սակայն մեղադրող կողմից վերահաշվարկ կատարելու խնդիր կար: Մեղադրողը միջնորդեց, որ ժամանակ տրամադրվի վերահաշվարկ կատարվի հայցադիմումում ներկայացված հայցապահանջի չափի վերաբերյալ: Այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 20-ին, ժամը 15.30-ին:
Հանրային թղթակից`Արա Ղարագյոզյան
Աղբյուրը`Իրավաբան.net