«Դուք կարող՞ եք նայել իմ աչքերի մեջ: Առաջին անգամ, երբ հանդիպեցինք, դուք ինձ համագործակցության առաջարկություն արեցիք». Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորը՝ դատախազին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվեց Գեղարքունիքի  մարզի ընդհանուր իրավասության  դատարանի նախագահ  Աղվան Պետրոսյանի  կողմից 23 հազար դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով գործի քննությունը:

Նշենք, որ նախորդ երկու դատական նիստերը հետաձգվել էին  Աղվան Պետրոսյանի՝ դատարանին ներկայացրած միջնորդությամբ, որպեսզի նա հնարավորություն ունենա ծանոթանալ գործում առկա բոլոր նյութերին:

Այսօրվա դատական նիստին դատարանը  ապացույցների հետազոտման փուլը հայտարարեց բացված:

Լսելով կողմերի կարծիքները, որոնք հայտնեցին, որ չեն առարկում ապացույցների հետազոտման փուլը սկսել մեղադրական եզրակացությունում առկա ապացույցների հրապարկումից, դատարանը լսեց դատախազին: Սակայն մինչ դա, Արմեն Բարսեղյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը  միջնորդություն ներկայացրեց դատարանին՝  նշելով, որ իր պաշտպանյալը հարուցված քրեական գործի շրջանակում չի կարողացել  ստանալ իր աշխատավարձը:

Արմեն Բարսեղյանի՝  Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու  ժամանակավորապես  դադարեցնելը պաշտպանը համարեց անհիմն:
Հովսեփ Սարգսյանը նշեց, որ աշխատանքային լիազորությունները դադարեցնելու հանգամանքը  ծանր հետևանքներ է առաջացրել ինչպես պետության օրինական շահերի, այդպես էլ նրա ընտանիքի անդամների նկատմամբ, քանի որ նրա երեխաներն անչափահաս են, ունի վատառողջ մայր և չի ստացել շուրջ հինգ ամսվա աշխատավարձը: Բացի դրանից, Արմեն Բարսեղյանը վատառողջ է և նրան պարբերաբար անհրաժեշտ է բժշկական օգնություն: Արմեն Բարսեղյանը  ընտանիքի միակ կերակրողն է։

Խոսքի վերջում  պաշտպանը դատարանից խնդրեց, որ Արմեն Բարսեղյանին հասանելիք հինգ ամսվա աշխատավարձը փոխանցվի իր պաշտպանյալին․ «Մարդը դեռևս իր նկատմամբ դատավճիռ չունենալու պայմանաններում զրկվում է իր աշխատանքային իրավունքից»,- նշեց պաշտպանը:

Դատախազը վերը նշված միջնորդության վերաբերյալ ասաց, որ չկա այնպիսի իրավական կետ, որով դատարանը կարողանա իրեն լիազորություն վերապահի և վերացնի արդեն իսկ կատարված որոշումը՝ քննիչի կողմից՝ աշխատանքային լիազորությունները  ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ: Եվ որ տվյալ միջնորդությունը ենթակա է մերժման:

Դատարանը որոշեց միջնորդության  վերաբերյալ որոշման ընդունումը հետաձգել, քանի որ դատարանը պետք է հարցումներ անի կադաստրին:

Վանիկ Վարդանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը նույնպես միջնորդություն ներկայացրեց դատարանին:  Պաշտպանն իր խոսքում նշեց, որ քրեական գործով մեղադրողն իրավունք ունի ազատ արձակվելու մինչև դատաքննության փուլն այն երաշխիքով, որ ներկայանա հաջորդական դատական նիստերին:

Ռուբեն Հակոբյանն անթույլատրելի համարեց  կասկածի հիմքով իր պաշտպանյալին կալանավորելու փաստը: Նա նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը քննարկելու հարցի ժամանակ դատարանը  պետք է հաշվի առնի, որ Վանիկ Վարդանյանը արատավորված անձ չէ, ունի բարձրագույն կրթություն: Հաշվի պետք է առնվի նաև  նրա տարիքը, առողջական վիճակը և այն, որ նրա շագանակագեղձի չափերը մեծացած են: Մեղադրյալն ամուսնացած է, ունի երեխաներ: Նրա խնամքին են գտնվում ծեր հայրն ու մայրը: Պաշտպանը դատարանից խնդրեց  կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնել իր պաշտպանյալ Վանիկ Վարդանյանից և որպես փոխարինման գրավ վերցնել Կոտայքի մարզում գտնվող երկու սենյականոց բնակարանը:

Վանիկ Վարդանյանը հայտարարություն արեց միջնորդության վերաբերյալ և իր խոսքում նշեց, որ ի սկզբանե իրեն կալանավորելը սխալ է եղել: Դատարանը հարց ուղղեց Վանիկ Վարդանյանին գրավի վերաբերյալ.
-Ի՞նչ չափսի գումարային գրավ է առաջարկվում Ձեր կողմից:
Դատարանի այդ հարցին  պաշտպան Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ դա թողնում է դատարանի հայեցողությանը և, որ այն կարող է լինել առավելագույն գումար հանդիսացող գրավի չափի:
Մյուս բոլոր ամբաստանյալները միացան Վանիկ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությանը:

Մեղադրող դատախազ Կարապետյանը հակադարձեց ներկայացված միջնորդությանը, ասաց, որ Վանիկ Վարդանյանի դատարանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, թե ի՞նչ հիմքով է կալանավորվել Վանիկ Վարդանյանը: Դատախազ Կարապետյանը  նշեց, որ Վանիկ Վարդանյանն ունի եղբայր և չի կարծում, որ նրա խնամքի տակ են գտնվում միայն նրա ծնողները: Հայտարարեց, որ չունեն տեղեկություններ այն մասին, որ միայն Վանիկ Վարդանյանի խնամքի տակ են գտնվում ընտանիքի անդամները:

Վանիկ Վարդանյանի նյարդերը տեղի տվեցին, և նա, տեղից վեր կենալով ու դիմելով դատախազին, ասաց. « Դուք կարող՞ եք նայել իմ աչքերի մեջ: Առաջին անգամ, երբ հանդիպեցինք, Դուք ինձ համագործակցության առաջարկություն արեցիք: Այդպես, չէ՞: Դուք այսքան խիղճ ունե՞ք,-  մատներով ցույց է տալիս  խղճի չափը, – Դուք իմ հոգեվիճակի մասին տեղյա՞կ եք: Ես որպես իրավաբան ոչինչ չհասկացա Ձեր ասածից: Անիմաստ տեղն ինձ բերել պահել եք 7 ամիս այստեղ»:

Դատարանը հորդորեց Վանիկ Վարդանյանին հանգստանալ:

Այսպիսով, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Վանիկ Վարդանյանի կալանքի միջոցը վերացնելու վերաբերյալ որոշում կայացնելու:

Քիչ անց  դատական կարգադրիչը հայտարարեց, որ Վանիկ Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու որոշումը կհրապարակվի 2018 թվականի հունվարի 15-ին, ժամը 13-40 րոպե:

Այս գործով անցնում են նաև մյուս ամբաստանյալները.
Մելանյա Գալստյանին և ամուսնուն՝ Կամո Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015-ի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, այս գործով ամբաստանյալ Ս. Շհոյանին տվել են 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 դոլար կաշառք՝ հանցագործության համար մեղադրվող իրենց որդու օգտին գործողություններ կատարելու համար և նրա արարքը ինքնապաշտպանություն որակելու համար: Հետագայում՝  նույն քրեական գործով դատական վարույթի ընթացքում 2015թ. սեպտեմբեր-2016թ. ապրիլ ամիսներին Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի միջնորդությամբ տվյալ քրեական գործով նիստը նախագահող դատավորին տվել են առանձնապես խոշոր չափերով՝ 10.805.170 դրամին համարժեք 23.000 դոլար կաշառք։
Էդվարդ Չինարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Ձորագյուղում գտնվող Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար նպաստել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, ինչպես նաև նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի կողմից Զարիկ Գրիգորյանի ամուսնու՝ Ռոբերտ Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ( ռուբլի) կաշառք տալու համաձայնության իրականացմանը։
Ռոբերտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Ձորագյուղում գտնվող կնոջ՝  Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար որդու՝  Գոռ Գրիգորյանի փաստաբան Էդվարդ Չինարյանի օժանդակությամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ (ռուբլի) կաշառք։
Խաչատուր Դադոյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որը դրսևորվել է նրանում, որ նա զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի պաշտոնը, հանդես գալով որպես անշարժ գույքի պետական գրանցում իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։
Արմեն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը, ունենալով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։
Վրույր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը ունենալով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։ Լաուրա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ ծառայելով ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ում հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող նույն ՔԿՀ-ի կալանավորված անձ Լ. Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու հարցը լուծելու համար ՔԿՀ պաշտոնատար անձին փոխանցելու պատրվակով Կարեն Մարտիկյանի միջոցով Հայկ Կարապետյանից ստացել է 450000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն։

Վանիկ Վարդանյանը և Աղվան Պետրոսյանը կալանավորված են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված  չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել