Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի թիվ 1146-Ն որոշմամբ, իսկ 2005 թվականի մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել է ‹‹Աշխատանքի պետական տեսչության մասին›› ՀՀ օրենքը:
Տեսչության հիմնադիր փաստաթղթի համաձայն՝ այն ‹‹Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին է››, որի հիմնական գործառույթը գործատուների կողմից ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելն է:
Աշխատանքի պետական տեսչության խնդիրներն են`
1) գործատուներին, արհեստակցական միություններին և աշխատողներին աշխատանքային օրենսդրության ևաշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման առավել արդյունավետ միջոցների և մեթոդների կիրառման մասին տեղեկատվություն ստանալուն աջակցելը.
2) աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային ազատությունների և իրավունքների պահպանման և պաշտպանության ապահովումը.
3) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների կանխարգելումը.
4) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացումը:
Աղբյուր՝ Իրավաբան.net