Ամանորի նվերները՝ իրավաբանի աչքերով

Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամանորի նվերներին՝ իրավաբանի աչքով․

«Ամանորը նաև նվերների տոն է։ Բայց իրավաբանի աչքերում դրանք կարող են բոլորովին այլ նշանակություն ձեռք բերել։ Այսպես։

Իրավաբանները նվիրատվությունը (բնականաբար նաև նվեր տալն Ամանորին) հասկանում են իբրև մի գործողություն, որի միջոցով մեկն իր ունեցվածքի հաշվին հարստացնում է մեկ ուրիշի։ Շատ պարզ ասած՝ նվիրատվության ժամանակ նվեր տվողը նվեր ստացողի սեփականությանն է հանձնում որևէ գույք։ Ընդ որում շատ կարևոր է երկու կողմի համաձայնությունն այն մասին, որ այդ գույքը հանձնվում է անհատույց (ՀՀ ՔաղՕ 594-րդ հոդ․ 1-ին մաս)։ Որևէ մեկին անհատույց գույք հանձնելու խոստումը նույնպես համարվում է նվիրատվության պայմանագիր և պարտավորեցնում է խոստացողին (ՀՀ ՔաղՕ 594-րդ հոդ․ 2-րդ մաս)։

Ամանորին ևս, ինչպես որ սովորաբար տեղի է ունենում, նվերներ են հանձնվում՝ առանց նախապես խոստանալու։ Ոչ մի նվիրատու չի կանգնում տոնածառի տակ ու նվիրատվության խոստում տալիս։ Նման պայմանագիրն ի դեպ կլիներ օրենքով սահմանված գրավոր ձևի խախտմամբ (ՀՀ քաղ օր 595-րդ հոդ 1-ին մաս), որպիսի թերությունը, սակայն, կարելի կլիներ «բուժել» ՀՀ ՔաղՕ 295-րդ հոդ․ 2-րդ մասով՝ 298-րդ հոդ 1-ին մասի համակցությամբ։ Պարզ ասած՝ նման պայմանագիրն անվավեր չէր լինի։ Իսկ եթե հանկարծ մեկը որոշի տոնածառի տակ անշարժ գույք նվիրելու խոստում տալ, ապա ստիպված կլինի իրենց տուն հրավիրել նաև նոտարին (ՀՀ ՔաղՕ 595-րդ հոդ․ 2-րդ մաս), որովհետև առանց նրա վավերացման այդ խոստումը կլինի առոչինչ (ՀՀ ՔաղՕ 300-րդ հոդ․ 1-ին մաս)։ Ուստի նոտարներին ամանորյա լրացուցիչ ստրեսից հեռու պահելու համար նման խոստում սովորաբար չեն տալիս 

Ինչպես արդեն ասացի, նվիրատվության համար պարտադիր է առնվազը երկու անձի առկայություն՝ նվեր տվողը և նվեր ստացողը, որովհետև պայմանագրի վավերության համար պարտադիր է նրանց համաձայնությունն այն մասին, որ նվերի առարկան հանձնվում է անհատույց։ Բայց արի ու տես, որ ամանորյա նվերներին հատուկ է այն, որ դրանք տրվում են իբրև մի երրորդ անձի՝ Ձմեռ պապի նվերներ։ Եվ այստեղ է թաքնված ամանորյա նվերների մեծ մասի ողջ իրավաբանական բարդությունը։

Այսպես, անգամ եթե փոքրահասակները, որոնց 6 տարին լրացել է (ՀՀ ՔաղՕ 29-րդ հոդ․ 1-ին մաս), անձամբ կարող են կնքել նոտարական վավերացում չպահանջող՝ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՈՒՏՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ գործարքներ (ՀՀ ՔաղՕ 29-րդ հոդ․ 2-րդ մասի 2-րդ կետ), ինչպիսին անվիճելիորեն նվիրատվության պայմանագիրն է, ապա այստեղ, միևնույն է, բացակայում է նվեր տվողի՝ Ձմեռ պապի հետ ձեռք բերված անհրաժեշտ համաձայնությունը գործարքի անհատույց լինելու մասին։ Ընդ որում, միանգամայն անկարևոր է, թե Ձմեռ պապի դեպքում իրավաբանական իմաստով խոսքն ընդհանրապես իրավունքի սուբյեկտի մասին է, թե ոչ։ Հետևաբար, գոնե երեխաներին Ձմեռ պապի անունից տրված նվերները, և դրանով իսկ՝ Ամանորի ժամանակ ընդհանրապես կատարվող նվիրատվությունների ճնշող մեծամասնությունն իրավական առումով ԱՆՎԱՎԵՐ Է (!)։

Շատ եմ ցավում մեր երեխաների համար, բայց դա այդպես է։ Ու արի ու տես, որ սրատես իրավաբանի աչքերով սա ամենևին միակ խնդիրը չէ։ Բայց մնացածի մասին ավելի ուշ 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել