Վերելակում ավազակային հարձակում են գործել անչափահասի նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի նկատմամբ շենքի վերելակում ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի վերելակում դանակի գործադրման սպառնալիքով 2002թ. ծնված բնակչից հափշտակել է վերջինիս «HUAWEI P9» մոդելի բջջային հեռախոսը և կանխիկ գումար:

Դեպքի առթիվ դեկտեմբերի 22-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, իսկ վերջինիս հայրը՝ որդու օրինական ներկայացուցիչ: Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ և տուժողի հայտնած տվյալների հիման վրա կազմել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի մոտավոր դիմանկարը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել