«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1-ին մասի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին՝ առնվազն 30 տոկոսով:
Նշված նորմի համաձայն խոսքը վերաբերում է բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին (անկախ կազմակերպաիրավական վիճակից), նաև մասնավոր ԲՈՒՀ-երին: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ սահմանվում է զեղչի կիրառման երկու եղանակ, այն է՝ մի դեպքում զեղչի իրավունք ստացածների ընդհանուր քանակը ԲՈՒՀ-ի որոշմամբ կարող է չգերազանցել ԲՈՒՀ-ի վճարովի համակարգում սովորող ուսանողական համակարգի առնվազն 10 %-ի չափը և ուսանողների վարձավճարների գոյացած բյուջեի 7 %-ը (այսինքն՝ նշված սահմանաչափերից ավելի համապատասխան կարգավիճակ ունեցող անձանց ԲՈՒՀ-ը կարող է մերժել զեղչի կիրառումը), և մյուս դեպքում՝ զեղչի կիրառման պայման է սահմանվել բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը:
Ինչ վերաբերում է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած նախկին պարտադիր զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության վերաբերյալ գրառման կատարմանը, ապա միայն նշված գրառման առկայությունն իրավունք չի տալիս նշված անձանց օգտվել ուսման զեղչի իրավունքից:
Տվյալ պարագայում անհրաժեշտ է, որպեսզի վերը նշված օրենքի պահանջներին համաձայն գրառում կատարված լինի անձի կողմից մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու մասին: Պարտադիր ժամկետային զինվորական գրքույկներում առկա են մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու եւ մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ գրառումներ կատարելու համար անհրաժեշտ էջեր: Մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու մասին գրառումներն իրականացվում են ծառայության վայրի զորամասի հրամանատարի կողմից՝ ՀՀ կառավարության 03.07.2014թ. N712-Ն որոշման և ՀՀ պաշտպանության նախարարի 2014թ. հոկտեմբերի 17-ի N 1230 հրամանով սահմանված կարգով: