Օրենքով պետք է սահմանվի բժշկական օգնության և սարքավորումների սակագների պետական կարգավորման մեխանիզմը․ Գևորգ Գրիգորյան

Կոռուպցիոն ռիսկերը կան այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդը կամ բժիշկը տեղյակ չեն, թե ի՞նչ է նշանակում և ո՞րն է կոռուպցիոն ռիսկը։ Այս մասին առողջապահության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի քննարկման ժամանակ հայտնեց «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Գևորգ Գրիգորյանը։

Քննարկումը կազմակերպվել էր դեկտեմբերի 9-ին՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված հակակոռուպցիոն միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում։

Միջոցառմանը քննարկվել են ՀՀ 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 4 թիրախային ոլորտների՝ կրթություն, առողջապահության, պետեկամուտների հավաքագրման և ոստիկանության վերաբերյալ ծրագրերն ու առաջարկները:

Գևորգ Գրիգորյան

Գևորգ Գրիգորյանը ներկայացրեց կոալիցիայի կողմից առողջապահության նախարարությանն արված առաջարկությունները, որոնք կազմվել են տարածքային հետազությունների կենտրոնի փորձագետի հետ համատեղ։

«Առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բազմաթիվ են և ոչ բոլորն են հնարավոր եղել ներառել ռազմավարության ծրագրի մեջ։ Ներառված չեն եղել, մասնավորապես, ապահովագրության հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, բժշկական սխալի և բժշկական անփության տարբերակման հետ կապված կոռուպցիոն ռիսկերը և մի քանի այլ հարցեր»,-նշեց նա։

Ընդգծվեց նաև, որ բուժօգնության գործընթացի և արդյունքի գնահատման տիրույթում առկա են հիմնական երեք խումբ կոռուպցիեն ռիսկեր՝ «Բուժօգնության իրականացման պայմաններն են, այդ թվում նաև շենքային պայմանները, կադրային քաղաքականությունը, տեխնիակական սարքավորումները։ Ինչպեսև խնդիրներ կան բուժման գործընթացի և բժշկական գործունեության ճիշտ կառավարման հետ կապված»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

Առողջապահության նախարարության կողմից ընդունվել է նաև այն առաջարկը, որ պետք է ներդրվեն և բարելավվեն կառավարման մեթոդներին ուղղված միջոցառումները, և բացի սրանից,  պետք է իրականացվի բուժօգնության արդյունքների չափորոշիչների մշակում։

«Կոալիցիան առաջարկում է բժշկական ձեռնարկություններում իրականացվող վճարովի գործունեության և բուժօգնության ոլորտում կարգավորել առողջապահական համակարգում գնագոյացումը՝ բժշկական և տնտեսագիտական չափորոշիչներ ներդնելու ճանապարհով։ Ընդ որում սա ոչ միայն վճարովի ծառայություններին է ուղղված, այլ նաև՝ ապահովագրական ծառայություններին, պետական պատվերի շրջանակում իրականացվող ծառայություններին։ Օրենքով պետք է սահմանվի բժշկական օգնության և սարքավորումների սակագների պետական կարգավորման մեխանիզմը, որպեսզի գնային ստադարտները բոլոր հիվանդանոցներում նույնը լինեն և գերշահույթի խնդիր չլինի։ Պետական բժշկական ձեռնարկություններում գործող վճարովի բժշկական օգնության և ծառայությունների ժամանակավոր գնացուցակները յուրաքանչյուր տարի քննարկել և հաստատել պետական լիազոր մարմնի կողմից։ Ուժեղացնել պետական լիազոր մարմնի կողմից պետական բժշկական ձեռնարկությունների վերահսկողությունը՝ ծախսային առաջնահերությունների պահպանման նկատմամբ»,-մանրամասնել է Գևորգ Գրիգորյանը։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել