Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով դատաքննությունը հետաձգվեց

Այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր` Էդուարդ Ամալյանի, տեղի ունեցավ Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի «Բարի համբավը, պատիվը արժանապատվությունը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին» քաղաքացիական գործով նախնական նիստը:

 

Այսօրվա դատական նիստին ներկայացել էին հայցվոր Դավիթ Սանասարյանը, նրա  ներկայացուցիչ Մհեր Արշանյանը: Պատասխանող Ռուբեն Հայրապետյանը չէր ներկայացել, նրա փոխարեն ներկայացել էին նրա ներկայացուցիչները:

 

Նախագահող դատավորը բացելով նախնական դատական նիստը կողմերին բացատրեց իրենց  իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ նրանց իրավունքը, սակայն կողմերի կողմից նախագահող դատավորին  չներկայացվեց ինքնաբացարկի  միջնորդություն:

 

Պատասխանող կողմի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց և հայտնեց, որ դատարանը չպետք է ճանաչի հայցվորի ներկայացուցչի լիազորագիրը, քանի որ Մհեր Արշանյանը չի  հանդիսանում  փաստաբան և գործին չի կարող  մասնակցել՝ մատնանշելով ՀՀ քաղ.դատ.օրի 40-րդ հոդվածը, ըստ որի դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Նա դատարանին խնդրեց չճանաչել հայցվորի ներկայացուցչի լիազորագիրը:

 

Միջնորդության վերաբերյալ  հայցվոր  կողմը  30 րոպե ժամանակ  խնդրեց դատարանից՝ միջնորդության դեմ իրենց առարկությունները ներկայացնելու համար: Եվ դատարանը, տեղում խորհրդակցելով, որոշեց 30 րոպե ընդմիջում հայտարարել:

 

Ընդմիջումից հետո հայցվոր կողմը ներկայացրեց իր առարկություններն և դատարանին խնդրեց միջնորդությունը չբավարարել, քանի որ ինքը պարբերաբար հանդես չի գալիս որպես ներկայացուցիչ, այլ տվյալ երկու հայցերն  էլ, որոնցով ինքը հանդես է գալիս որպես ներկայացուցիչ (Հրանուշ Խառատյանի և Գարեգին Չուգասզյանի՝ ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի «Բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին» քաղաքացիական գործեր), ունեն միևնույն հիմքերն ու առարկան, և անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է միավորել դրանք մեկ վարույթում։ 

 

 

Աշխատանքային  օրվա  ավարտի պատճառով  դատաքննությունը  հետաձգվեց: Հաջորդ  դատական նիստը  նշանակվեց  նոյեմբերի  22-ին ժամը 16.00-ին:

 

Հանրային թղթակից`Արա  Ղարագյոզյան

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել