Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին

Շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն:

Նոյեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող  ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 27-րդ նիստին, որի ընթացքում մասնակից երկրների դատախազությունների միջև տեղի է ունեցել փորձի փոխանակում թմրանյութերի և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը հակազդեցության, խոշտանգումների դեմ պայքարի, պատմամշակութային ժառանգության պաշտպանության և արժեքային շրջանառության օրինականության պահպանման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում: Քննարկվել է Խորհրդի 2016թ. աշխատանքային պլանի իրականացման ընթացքը, հաստատվել ահաբեկչության և բռնության այլ դրսևորումներով ուղեկցվող ծայրահեղականության դեմ պայքարի 2017-2019թթ., ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հանցագործությունների դեմ պայքարի 2017-2020թթ. պլանները: Անդրադարձ է կատարվել 2016թ. ընթացքում հանցավորության դեմ պայքարի շրջանակներում միջազգային պայմանագրերի իրականացման արդյունավետությանը:

ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել համապատասխան միջազգային համաձայնագրերի և ազգային օրենսդրությունների անլիարժեք ներդաշնակության պատճառով իրավական փոխօգնության ցուցաբերման ոլորտում առաջացող պրակտիկ հիմնախնդիրների, ստանձնած իրավապայմանագրային պարտավորությունների համատեքստում ՀՀ դատախազության գործունեության առանձնահատկությունների մասին ելույթով: Արթուր Դավթյանը նշել է, որ արդյունավետ քրեական հետապնդման տեսանկյունից շարունակում են խնդրահարույց մնալ իրավական օգնության ցուցաբերման շրջանակում համապատասխան միջնորդագրերի հիման վրա մասնակից շատ երկրների քաղաքացիներին կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում հարցաքննության ենթարկելու, կամ նրանց հետ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման հիմնախնդիրները: Առանձին անդրադարձ է կատարվել դատաքննության ընթացքում գտնվող քրեական գործերի՝ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ստացման հետ կապված դժվարություններին:

ՀՀ գլխավոր դատախազն, այս հիմնախնդիրների մեծ մասը պայմանավորել է հիմնականում մասնակից երկրններից շատերում քրեական գործերով միջազգային փոխօգնության ոլորտում ներպետական օրենսդրությունը միջազգային համաձայնագրերին լիարժեք համապատասխանեցրած չլինելու հանգամանքով: Նա առաջարկել է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ՝ դրանում առանցքային համարելով ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի դերը՝ հատկապես անհրաժեշտ մեթոդաբանական և տեղեկատվական աջակցության ցուցաբերման իմաստով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել