Երևանի ավագանին այսօր հրավիրված նիստին մերժեց «Ելք» խմբակցության՝ Արաբկիր շրջանի Կասյան փողոցը Վազգեն Ա Վեհափառի անվամբ անվանակոչելու առաջարկը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ, իհարկե, իրենք դեմ չեն, որ Վազգեն Վեհափառի անվամբ Երևանը փողոց ունենա, բայց հետաքրքրվեց, թե արդյոք նրանք Էջմիածնի կարծիքը հաշվի են առել:
Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը նշեց, թե խոսել են կաթողիկոսի խոսնակի հետ և Էջմիածնի դիրքորոշումն այն է, որ դեմ չեն Կասյան փողոցի վերանվանման համար, ուղղակի լավ կլիներ ավելի կենտրոնական մեծ նշանակության փողոց վերանվանվեր:
«Մենք՝ ՀՀԿ-ականներս միանշանակ կողմ ենք Վազգեն Վեհափառի անվամբ փողոց ունենալ Երևան քաղաքում, բայց ավելի լավ վայրում, քան Կասյան փողոցում»,- նշեց քաղաքապետը:
Մշակույթի հանձնաժողովի նախագահը հայտարարեց, թե հարցը քննարկվել է հանձնաժողովում և ստացել բացասական եզրակցություն. «Մենք դեմ ենք, որ Կասյան փողոցը վերանվանվի»:
Հարցը դրվեց քվեարկության և մերժվեց 11 «կողմ», 39 «դեմ» և 1 «ձեռնպահ» քվեարկությամբ: