«Մեկամսյա ժամկետում դիմելու ենք վերաքննիչ դատարան». Սամվել Բաբայանի պաշտպան

«Իգլա»-ի և փողերի լվացման գործով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է մեկամսյա ժամկետում դիմել վերաքննիչ դատարան:

«Դատավճռի հրապարակումից և դատարանի հիմնավորումները ուսումնասիրելուց հետո կդիմենք վերաքննիչ ատյան»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակվեց «Իգլա»-ի և փողերի լվացման գործով  դատավճիռները:

Սամվել Բաբայանը, ում մեղադրվում էր առաջադրված Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվեց 3 տարի ազատազրկման։ Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում,սակայն պայմանականորեն չկիրառելով՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարի ժամկետով և սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման՝ պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սահշանել երկու տարի ժամկետով։

Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ ևս սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով, պատիժը պայմանականորեն չկիրառելով։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել