«Թվային Հայաստան» հիմնադրամի ռազմավարությունը կհստակեցվի. վարչապետի հանձնարարականը

Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի հերթական նիստի ժամանակ հանձնարարեց մշակել «Թվային օրակարգ» ռազմավարությունը և դրանից բխող՝ 2018 թվականի գործողությունների ծրագիրը։

«Նախկինում անդրադարձել ենք թվային օրակարգի կարևորության և այդ ոլորտում կառավարության համակարգված քաղաքականության իրականացման հարցին։ Նշվածի շրջանակում ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները։ Միաժամանակ, անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման և դրանց իրագործման աշխատանքները, հատկապես այն ոլորտներում, որտեղ թվայնացման գործընթացի իրականացումն առաջնահերթ է»,-նշել է վարչապետը։

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 3-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտի՝ թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածություններ։ Հանձնարարվել է նաև 2-շաբաթյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի Թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար։

«Մասնավորապես, անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ ոլորտներում թվային գործիքների ներդրմանը՝ կառավարման փոխգործունակության պլատֆորմի և հանրային ծառայությունների կառավարման «մեկ պատուհանի» ներդրում, բնական ռեսուրսների և հողերի կառավարում, խոշորացված համայնքներում պետական (մասնավորապես` սոցիալական), համայնքային և այլ ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցում և դրա ենթակառուցվածքների ձևավորում, տեսչական մարմինների էլեկտրոնային կառավարում և այլն»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ թվային միջավայրի ձևավորման շրջանակում՝ համապատասխան միջազգային աջակցության ստացման գործընթացների կազմակերպումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։
Կառավարության ղեկավարը հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարել է առաջարկությունները ստանալուն պես ամփոփել և 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թ. թվայնացման գործողությունների ծրագիրը՝ նշելով միջոցառումների կատարման հստակ ժամկետներ և պատասխանատուներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել