«Պատվաստանյութի դեմ խոսելը անգրագիտություն ու խավարամտություն է». բժիշկ

2017 թ-ի դեկտեմբերից Հայաստանում կիրականացվեն պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով՝ 6 ամիսը մեկ անգամ։ Մարդկանց մեջ բազմաթիվ հարցեր են առաջել և շատերը վախենում են, որ պատվաստումից հետո իրենց երեխայի առողջությանը վտանգ կսպառնա:

Այս հարցի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանի հետ: Նրա խոսքով՝ պատվաստումները վտանգավոր չեն, դրանք կանխարգելում են հիվանդությունները՝ մինչև դրանց առաջանալը:

Բժշկի խոսքով՝ մարդու պապիլոմային վիրուսի դեմ օգտագործվող «Գարդասիլ» պատվաստանյութը պարունակում է սպիտակուցներ, որոնք վերցվում են վիրուսի՝ հակագեներ պարունակող պատյանից, ինչն էլ ստեղծում է հակամարմիններ՝ հիվանդության դեմ պայքարելու համար:

Գարդասիլը պաշտպանում է պապիլոմավիրուսի չորս տեսակներից:

Բժիշկն ընդգծում է, որ կա հսկայական ապացուցողական բազա, որ մարդկանց մեջ տարածված այդ վախերը հիմք չունեն: 270 մլն դեղաչափ նյութ աշխարհի 70 երկրում ներարկվում է: Կան նախակլինիկական փորձարկումներ, որոնց ժամանակ առաջացած կողմանակի երևույթները ընդունելի սահմանում են, օրինակ՝ ձեռքի ցավը, ջերմությունը, գլխապտույտը: Արվել են նաև հետազոտություններ կիրառելուց հետո. «Այն կարծիքը, որ պատվաստանյութը նոր է և փորձված չի, դա ամենամեծ սուտն է»:

Արսեն Թորոսյանը նշում է, որ պատվաստանյութը 2006-ից մինչև այսօր  կիրառվում է և որևէ արտառոց ու կողմանկի երևույթ չի նկատվել: Նույնը նաև վերաբերում է չբերություն կամ մահ առաջացնելուն: Պատվաստանյութը օգտագործելու հետևանքով ոչ մահ է առաջանում, ոչ չբերություն:

Բժիշկը նաև անդրադարձավ մարդկանց մեջ տարածում գտած այն լուրերին, թե առողջապահության նախարարությունն է անորակ պատվաստանյութ ձեռք բերում: Այս պատվաստանյութը Հայաստանում արդեն 10 տարի է՝ ինչ գրանցված է, և արդեն մոտ 2000 հոգի պատվաստվել է վճարովի հիմունքներով: Ոչ մեկի մոտ բարդություն և կողմանկի երևույթներ չեն առաջացել:

«Ես լինելով առողջապահական համակարգում շատ բաների քննադատ, սակայն ընդունում եմ, որ իմունիզացիան այն հազվադեպ ոլորտներից է, որին բացարձակ կպչելու տեղ չունեմ: Ես ինքս պատվաստվում եմ մեր պոլիկլինիկայում, նույնն էլ իմ երեխաները»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Պատվաստումը հակացուցված է միայն այն անձանց, որոնք ունեն ալերգիա պատվաստանյութի որևէ կոմպոնենտի նկատմամբ, ինչպես նաև այն անձանց, որոնց մոտ խրոնիկ հիվանդությունների սրացման շրջան է

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել