Սպիտակ ստրկության գործը դարձյալ հետաձգվեց

Այսօր` նոյեմբերի 1-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Է. Մանուկյանի շարունակվեց թիվ ՇԴ/0099/01/12 քրեական գործի դատաքննությունը ըստ մեղադրանքի` Սուսաննա Մարտիրոսյանի և Նարինե Մովսիսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար: Որպես խափանման միջոց վերջիններիս նկատմամբ կիրառվել է կալանավորում:

Սույն քրեական գործով տուժող Հ. Մ. -ին Թուրքիայում որպես դայակ աշխատելու համար խաբեությամբ ներգրավվել են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ: Վերջինս հնարավություն չի ունեցել վերադառնալ Հայաստան, քանի որ Դոկտոր մականունով Սուսաննա Մարտիրոսյանը սպառնացել է, որ իր ծնողներին կհայտնի, որ վերջինս զբաղվել է մարմնավաճառությամբ: Իսկ մինչ մարմնավաճառությամբ զբաղվելը տուժողը իրական հնարավություն չի ունեցել վերադառնալ, քանի որ գումար չի ունեցել:

 

Դատաքննության ընթացքում հետազոտվեցին մյուս ապացույցները ևս, հրապարակվեցին գործում առկա փաստաթղթերը:

 

Ամբաստանյալ Նարինե Մովսիսյանի պաշտպանը միջնորդեց հետաձգել դատական նիստը` Գյումրի քաղաքի բանկերից պարզելու համար, թե տուժող Հ. Մ.- ը որքան գումար է ուղարկել Հայաստան: Իր կարծիքով դա կարևոր նշանակություն ունի, որ տուժողը գումար ունեցել է, սակայն չի վերադարձել Հայաստան: Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատարանը որոշեց մերժել պաշտպանի միջնորդությունը, քանի որ տուժողն իր ցուցմունքներում չի հրաժարվել, որ գումար է ուղարկել, իսկ գումարի չափը կապ չունի մեղադրանքի հիմնավորման համար, քանի որ տուժողի Հայաստան չվերադառնալու սկզբնական պատճառն է եղել գումար չունենալը և թուրքերենին ու տեղանքին ծանոթ չլինելը: Հետագայում տուժողին սպառնացել են, որ եթե վերադառնա Հայաստան, ապա կպատմեն, թե ինչով է վերջինս զբաղվել Թուրքիայում:

 

Դոկտորի` Սուսաննա Մարտիրոսյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի դատարանը երկու շաբաթով հետաձգի նիստը` մինչև Դոկտորի առողջության վերաբերյալ փաստաթղթերի ստացումը Թուրքիայից:

 

Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը և հաջորդ դատական նիստ նշանակեց նոյեմբերի 15-ին ժամը 14.00-ին:

 

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել