Հոկտեմբերի 31-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Անահիտ Թումանյանի նախագահությամբ, կայացավ թիվ ՍԴ/0396/02/12 քաղաքացիական գործով դատաքննություն:
Նարա Ռազմիկի Հովհաննիսյանն ու Ալեն Գառնիկի Հարությունյանը 1999-2008թթ.-ին վարել են համատեղ ամուսնական կյանք, որի ընթացքում ունեցել են երկու զավակ` Բելլա Ալենի Հովհաննիսյան, ծնված`07.12.2012թ.-ին և Գառնիկ Ալենի Հովհաննիսյան, ծնված`29.03.2002թ.:
Ալեն Հարությունյանը գտնվում էր արտագնա աշխատանքի մեջ, այդ պատճառով երեխաների հայրության ճանաչման խնդիրն անընդհատ հետաձգվել է: Իսկ 2008թ-ից, նրանց միջև փաստական ամուսնական հարաբերությունների դադարումից հետո, նախկին ամուսինների հարաբերությունների լարվածության պատճառով հայրության ճանաչման խնդիրն ավելի է դժվարացել:
16.03.2012թ.-ին Մոսկվա քաղաքում մահացել է Ալեն Հարությունյանը առանց երեխաների նկատմամբ հայրություն ճանաչելու:
20.08.2012թ.-ին Ն.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա. Խալափյանի կողմից հայցադիմում է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին հայրության ճանաչման պահանջի մասին: Միաժամանակ, ներկայացվեց միջնորդություն որպես վկա ներգրավել և հարցաքննել Եվգենյա Խալափյանին, Սվետա Աղաջանյանին և Վարդիթեր Օհանջանյանին:
22.08.2012թ.-ին դատարանի կողմից կայացվեց որոշում հայրության ճանաչման պահանջի մասին դիմումը վերադարձնել Նարա Ռազմիկի Հովհաննիսյանին: Դիմումի մեջ թույլ տրված խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում այն դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:
Նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում և չի պարունակում իրավաբանական փաստի հաստատման պահանջով հատուկ վարույթով դիմումը վերադարձնելու հարաբերությունները կարգավորող նորմ, այսինքն` բացակայում է վիճելի իրավահարաբերությունը կարգավորող օրենքը, ՀՀ քաղ. դատ. օրի. 10 հոդվածի 3-րդ մասի ուժով պետք է կիրառել օրենքի անալոգիա` այն է կիրառել նույնանման հարաբերությունները կարգավորող օրենքի նորմերը, այն է` հայցադիմումը վերադարձնելու հարաբերությունները կարգավորող ՀՀ քաղ. դատ. Օր-ի 92 հոդվածի նորմերը:
Այսօր դատաքննությանը ներկա էին 5 վկաներ, որոնք դատարանի խնդրանքով առանձնացան վկաների սենյակում:
Դատարանի կողմից պարզաբանվեց, թե կան արդյոք հայտարարությունների կամ միջնորդություններ: Նախքան գործի ապացույցների հետազոտմանն անցնելուն` Ա.Խալափյանը ներկայացրեց պահանջի և իրավական հիմքերի հստակեցում` դատարանից խնդրելով հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Ալեն Գառնիկի Հարությունյանը հանդիսանում է 07.12.2000թ. ծնված Բելլա Հովհաննիսյանի և 29.03.2002թ. ծնված Գառնիկ Հովհաննիսյանի հայրը, այսինքն` ղեկավարվել ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 36-րդ հոդվածով:
Դատարանին ներկայացված փաստաթղթերն ու ընտանեկան լուսանկարները կցվեցին գործին:
Դիմումատուի ցուցմունքների համաձայն` նրանք դադարել են վարել համատեղ ամուսնական կյանք 4 տարի առաջ, սակայն երեխաները շփվել են հոր և նրա ընտանիքի անդամների հետ, ունեցել են լավ հարաբերություններ: Երեխաները կրում են իրենց հոր ծնողների անունները: Եվ ընտանիքում երբևէ խոսակցություն կամ կասկած չի եղել երեխաների սերման փաստի վերաբերյալ: Եվ հայրության ճանաչման առաջարկը կատարվել է Ալեն Հարությունյանի մոր կողմից:
Հրավիրվեց վկա հանգուցյալ Ալեն Հարությունյանի քույր Քրիստինե Հարությունյանը, ով հաստատեց, որ երեխաները ծնվել են ամուսինների համատեղ կյանքի ընթացքում, և երբևէ ընտանիքում կասկած չի եղել, որ երեխաների հայրը Ալեն Հարությունյանն է, երեխաների և իր եղբոր նախկին կնոջ հետ լավ հարաբերությունների մեջ են:
Հաջորդ վկաների ցուցմունքներում երևաց նույն պատկերը. Նարա Հարությունյանն իր նախկին ամուսնու հետ առ այսօր ունի լավ հարաբերություններ, երեխաները հաճախ են այցելում իրենց տատիկին (պապիկը մահացել է վերջերս), մնում նրա տանը:
Քանի որ գործի քննության ընթացքում շոշափվում են Ալեն Հարությունյանի մոր շահերը, նիստը հետաձգվեց, որպեսզի նրան սույն գործով ներգրավեն որպես վկա և Ա.Խալափյանի կողմից ներկայացվեն լրացուցիչ ապացույցներ:
Դատական նիստը հայտարարվեց փակված:
Հանրային թղթակից` Հասմիկ Ասատրյան
Աղբյուրը` Իրավաբան.net