Մենք հանդուրժելո՞ւ ենք, որպեսզի 87 հազար ուսանողություն ունեցող երկրում աշխատի 67 բուհ․ ԿԳ նախարար

2018 թվականի համար կրթության և գիտության նախարարությունն ունի զարգացման լուրջ նախադրյալներ։ Կրթական համակարգի նկատմամբ աննախադեպ մեծ հետաքրքրությունը բերում է նաև շատ մեծ հնարավորություններ՝  կրթական ներդրումների առումով: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«2018 թվականի բյուջեն մենք դիտարկում ենք իբրև լուրջ հիմք՝ ապագա ծրագրերի համար,  և այստեղ ունենք լուրջ խոչընդոտ: Ներկա բյուջեի նախագծում ՀՆԱ կրթության ոլորտի բյուջե հարաբերակցությունը 2 տոկոսից մի քիչ բարձր է, բայց երբ նայում ենք միջնաժամկետ ծախսային ծրագրին, ապա իսկապես կա մտահոգություն: Ներկայումս ՀՀ Նախագահի   անմիջական ցուցումով, Ֆինանսների նախարարության հետ փորձում ենք հասնել մի վիճակի, որ Հայաստանում կրթության ոլորտի հատակացումները երբևէ ՀՆԱ-ի գոնե 2 տոկոսի սահմանագծից չիջնեն, որովհետև սա ավելի շատ քաղաքական կամքի արտահայտություն և վերաբերմունք է»,-նշել է նախարարը:

Նախարարի խոսքով «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ենթադրում է արմատական փոփոխություններ կրթական ոլորտում:

«Այստեղ ունենք մեր գործընկեր կառույցների՝ Եվրոպական միության, FAST հիմանդրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի աջակցությունը, որն իսկապես լուրջ նախադրյալներ կստեղծի 2019-20թվականներին լուրջ ծրագրեր ներդնելու և բարձրագույն կրթության ոլորտում արմատական փոփոխություններ անելու համար: Եվ քանի որ այդ հարթակը բաց է, բոլորին առաջարկում ենք կիսել պատասխանատվությունը և վեր կանգնել անհատական շահախնդրություններից: Խոսքը հետևյալ մասին է՝ մենք հանդուրժելո՞ւ ենք, որպեսզի 87 հազար ուսանողություն ունեցող երկրում աշխատի 67 բուհ կամ 12 հազար ուսանող ունեցող ոչ պետական հատվածում գործի ավելի քան 31 բուհ: Եթե չենք հանդուժելու, ապա պետք է միասին կարողանանք ձևավորել իսկապես գործունակ մեխանիզմ, որպեզի ստեղծենք այն հիմքը, որը իրականում համատարած ներգրավվածություն կապահովի կրթության ոլորտում: Մեկ այլ խնդիր կա հանրակրթության ոլորտում՝ բյուջեում կա 600 մլն դրամի պակասորդ»,-ասաց Լևոն Մկրտչյանը:

Նա նաև նշում է, որ խոսքը չի վերաբերում մանկավարժական կազմի կրճատմանը, այլ՝ տեխնիկական անձնակազմին:

«Ես կարծում եմ՝ ճիշտ չէ, որ ներկա պայմաններում 30 աշակերտ ունեցող դպրոցն ունենա 4 պահակ: Այդ 600 մլն առաջացել է, օրինակ, պահակների հաստիքների սրբագրումով: Տեսչությունն ինչ-որ չափանիշներ է հաստատել, և մենք ստիպված պահում ենք դրանք, բայց հաշվի չենք առնում, որ ՀՀ 1380 դպրոցներից 400-ն ունի 100-ից քիչ աշակերտություն, իսկ մոտ 600-700 դպրոց՝ 300-ից քիչ: Հետևաբար, 4 պահակի հաստիքն անիմաստ է պահել՝ գիշերային, հանգստյան օրերի, հատկապես որ ունենք հաստիքների հսկայական ամբողջություն: Այս տիպի ռացիոնալ ձևաչափեր են կիրառվելու»,-հայտարարեց ԿԳ նախարար Մկրտչյանը:

Նախարարը նաև խոսել է տարկետման խնդրի մասին՝ նշելով, որ եթե տարկետման խնդիրը կարգավորվի և այն առանձնացնել բարձրագույն կրթության անվճար հատվածից, ապա հնարավոր է Հայաստանին անհրաժեշտ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն ուղղությունների մինչև 60-70 տոկոսը դարձնել անվճար և վերադառնալ դեպի բարձրագույն կրթության այն հատվածը, որն անհրաժեշտ է երկրի առաջընթացի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել