Իմ դիպլոմի վիճարկման վերաբերյալ հայցադիմումն ակնհայտ անհիմն է, խիստ անձնավորված և ուղղորդված․ Արա Զոհրաբյան

Ի պատասխան  փաստաբան Տիգրան Աթանեսյանի երեկ տարածած այն հայտարարության, որ 20 փաստաբաններ հայցադիմում են ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի իրավաբանի դիպլոմը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է․

«Այսօր մամուլից տեղեկացա, որ մի խումբ փաստաբաններ հայց են ներկայացրել Գլաձոր համալսարանի դեմ և վիճարկում են իմ դիպլոմի վավերականությունը:

Ցավում եմ, որ ատելությունը կարող է մի խումբ մարդկանց այնքան կուրացնել, որ նրանք պատրաստ են լինում կատարել ցանկացած բնույթի բացասական և անհեռատես քայլեր: Եվ ամենակարևորը, այս մարդիկ հաշվի չեն առնում ոչ մի սահման, ոչ՝ բարոյական և ոչ էլ՝ իրավական: Այս մարդիկ հավանաբար չեն գիտակցում, որ դրանով վարկաբեկում են մի բուհական հաստատության, որը բազմաթիվ շրջանավարտներ է տվել: Բուհական հաստատություն, որը 1991 թվականից ստեղծել է հնարավորություն բազմաթիվ երիտասարդների համար բարձրագույն կրթություն ստանալ և իրենց տեղը գտնել այս կյանքում ու մշտապես պայքարել է իր բարի անվան համար:

Տիգրան Աթանեսյանը և համահայցվոր այլոք քաջ գիտակցում են, որ իրենց՝ իմ դիպլոմի վիճարկման վերաբերյալ հայցադիմումն ակնհայտ անհիմն է, խիստ անձնավորված և ուղղորդված:

Հայցն անհիմն է, քանի որ 1994թ, 1995թ., 1996թ., 1997թ., 1998թ. և 1999թ. իմ ուսման ընթացքում 2 տարի զուգահեռ ծառայել եմ հայոց բանակում, իսկ ուսումս շարունակել եմ անհատական պլանով՝ քննությունները և ստուգարքները հանձնելով՝ զորամասից ստացված կարճաժամկետ արձակուրդների հիման վրա (իրենք հանգիստ կարող են ՊՆ-ից և Գլաձոր համալսարանից դա ճշտել): 1999թ. ուսումնական տարվա ավարտին էլ հանձնել եմ որակավորման քննությունները և ստացել եմ դիպլոմս:

Հայցն ակնհայտ անհիմն է, քանի որ 1998թ. դիպլոմս ստանալու փաստը որևէ կերպ չէր կարող խախտել նրանց իրավունքները, իսկ քաղաքացիական դատավարությունում հայցվորն առնվազն պետք է ապացուցի «խախտված» իրավունքի առկայությունը (ակտիվ լեգիտիմացիա):

Տիգրան Աթանեսյանը և այլոք գիտակցում են, որ այս հայցադիմումը միայն աղմուկ է ապահովելու փաստաբանների պալատի շուրջ և հատկապես այն ժամանակ, երբ պետական որոշ մարմիններ փորձում են օրենքի միջոցով թուլացնել փաստաբանների անկախությունը, երբ փաստաբանների պալատը որոշ օրենսդրական նախաձեռնությունների դեմ կոնկրետ դիրքորոշում է ներկայացրել……:

Հայցվորներին «առաջնորդում է» Տիգրան Աթանեսյանը, որը դիմել է դատարան փաստաբանների պալատի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով:

Գործողությունները վկայում են դրանց հեղինակների ծայրահեղ անհանդուրժող վերաբերմունքի մասին:

ԲԱՅՑ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԻՆՉ ԷԼ ԱՆԵՔ, ԴՈՒՔ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ԵՔ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՁԵԶ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է:

Թեմայի շուրջ այսքանը, իսկ այս նախաձեռնության ուղղորդողին և հովանավորներին (այդ թվում՝ մեդիահովանավորներին) կհասցնեմ անդրադառնալ…..:

Հ.Գ. Ի դեպ, բազմաթիվ փաստաբաններ, պաշտոնատար անձինք և պատգամավորներ 1991-1999թթ. ժամանակահատվածում նույն եղանակով համատեղել են բարձրագույն կրթությունը զինվորական ծառայության հետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել