Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից

Ո՞վ է երկքաղաքացին:

Երկքաղաքացիության վերաբերյալ հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն` ՀՀ երկքաղաքացի է համարվում այն անձը, որը ՀՀ քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:   Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց իրավաբան Մարիամ Զադոյանը:

Ի՞նչ իրավունքներ ունի երկքաղաքացին

ՀՀ երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի: Մասնավորապես, «Մեր քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին   ազատվում է  պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև ՀՀ  քաղաքացիություն ընդունելը գոնե 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում: Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքիցծառայել է նա այլ պետությունում, թե` ոչ»,-նշեց Մարիամ Զադոյանը: Բացի այդ, ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել  միայն ՀՀ տարածքում գտնվող և ՀՀ հաշվառում ունեցող երկքաղաքացիները:

Ինչպե՞ս են ձեռք բերում ՀՀ քաղաքացիություն:

Համաձայն «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ՀՀ քաղաքացիություն ձեռք է բերվում`

1) քաղաքացիության ճանաչմամբ,

2) ծննդով,

3) քաղաքացիություն ստանալու միջոցով,

4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով,

5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով,

6) ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով,

7)  օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Քննարկենք քաղաքացիության ստացման ամենաարդիական հիմքը. «ՀՀ քաղաքացիություն չունեցող, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող ու նաև 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ իրավունք ունի քաղաքացիություն ստանալու համար: Պարտադիր պայման է, որ նա վերջին 3 տարում Հայաստանում բնակված լինի, հայերենով կարողանա բացատրվել ու ծանոթ լինի իր իրավունքներին և պարտականություններին, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ»,-նշում է իրավաբանը:

Մարիամ Զադոյանի խոսքով՝ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ կամ ունի ՀՀ քաղաքացի երեխա: Նաև այն դեպքերում, երբ նրա ծնողներից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն օրենքով նախատեսված պայմանների դեպքում:

Ու՞մ պետք է դիմել քաղաքացիություն ստանալու համար:

ՀՀ քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում` խնամակալի միջոցով, պետք է ներկայացնի ՀՀ կառավարության լիազոր մարմնին, այն է` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ ոստիկանության տարածքային ստորաբաժանում, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

Նշյալը կարգավորվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման 2-րդ Հավելվածով.

1) դիմում.

2) անձնագիրը և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).

4) ծննդյան վկայականը և դրա պատճենը.

5) ամուսնության վկայականը և դրա պատճենը.

6) ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին.

7) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը.

8) ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`

ա. սույն որոշման N 4 հավելվածում նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,

բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,

դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ.

8.1) սույն ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ: Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև սույն կետի 2-րդ, 4-րդ և 9-րդ ենթակետերով նախատեսված` ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող փաստաթղթերը.

9) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները.

10) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

Ո՞վ է շնորհում ՀՀ քաղաքացիություն:

ՀՀ քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին ՀՀ Նախագահի հրամանագրով:

Ի՞նչ  է պարտավոր անել ՀՀ քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում:

 «ՀՀ քաղաքացին այլ պետության քաղաքացիություն  ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին` մեկամսյա ժամկետում անձամբ  կամ  փոստով հայտնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ ոստիկանության տարածքային ստորաբաժանում, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ օտարերկրյա պետությունում գործող  դիվանագիտական ծառայության մարմիններ»,-նշում է իրավաբանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել