Կասեցվել է հացի արտադրամասի գործունեություն, իսկ հանրային սննդի օբյեկտին թույլատրվել է վերսկսել աշխատանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանի հացի արտադրամասի գործունեությունը, քանի որ վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Երևանում գործող այդ արտադրամասում հացի արտադրությունն իրականացվում էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը չի ունեցել մակնշում, իսկ առանց փաթեթավորման հացը՝ տեղեկատվական թերթիկ, հացի և հացաբուլկեղենի տեղափոխումն իրականացվել է ոչ համապատասխան փոխադրամիջոցով: Անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանը պարտավորվել է համապատասխանեցնել արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակը սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին և վերացնել մակնշման խախտումները: Տրվել է ժամանակ:

Միաժամանակ, արդեն վերացվել են Վանաձորում  գործող «ՍԻՍ-13» առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտում հատնաբերված խախտումները. վերանորոգվել և պատշաճ վիճակի է բերվել խոհանոցը, առանձնացվել է համապատասխան  տարածք  աշխատանքային  գործիքների  և  պարագաների լվացման, ախտահանման և  պահպանման  համար, սարքավորումներն արդեն ունեն  համապատասխան  վկայական, տնտեսվարողը  կնքել  է դերատիզացիայի  պայմանագիր: Հաշվի առնելով կատարված փոփոխությունները՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին որոշումը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել