Այսօր` հոկտեմբերի 31-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Օնիկ Խաչատրյանի, քննվեց թիվ ՇԴ/0568/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Վարուժան Պապոյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին: Սույն քաղաքացիական գործով որպես պատասխանող ներգրավված է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, իսկ որպես 3-րդ անձ` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանումը:
.
Դատաքննությանը ներկա էին գործով հայցվորը, նրա ներկայացուցիչ` ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան` Կարինե Դանիելյանը: Նիստին ներկա էր նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչ` Թամարա Մուրադյանը: Դատական նիստին չէր ներկայացել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչը, սակայն վերջինս պատշաճ ծանուցված է եղել դատական նիստի վայրի և ժամի մասին:
.
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով կողմերի կարծիքը, դատական նիստը չհետաձգեց` 3-րդ անձի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:
.
Դատաքննության ժամանակ հայցվորը պնդեց իր հայցը, իսկ պատասխանողը չընդունեց այն:
Դատարանը հետազոտեց ապացույցները և հրապարակեց գործում առկա փաստաթղթերը:
.
Վճռի հրապարակման համար դատական նիստ նշանակվեց նոյեմբերի 14-ին ժամը 16.30-ին:
.
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net