Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում` նախագահությամբ դատավոր Մանուշակ Պետրոսյանի, շարունակվեց «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Սերյոժա Ստեփանյանի պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
.
Ամբաստանյալ Սերյոժա Ստեփանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասով: Նա 2010թ. Արմավիրի զինվորական կոմիսարիատում անցել է կցագրում և բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, սակայն, հանդիսանալով «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ և պատճառաբանելով իր համոզմունքները, ժամկետային զինվորական ծառայության հերթական` 2011թ-ի գարնանային զորակոչից խուսափելու դիտավորությամբ, 28-06-2011թ-ին դիմում է ներկայացրել Արմավիրի զինվորական կոմիսարին, համաձայն որի, հրաժարվել է ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից` չունենալով այդ ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական հիմքեր:
.
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը Սերյոժա Ստեփանյանին ճանաչել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում, և նրան դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Իսկ Վերաքննիչ բողոքով Սերյոժա Ստեփանյանը խնդրում է ամբողջությամբ բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերոհիշյալ դատավճիռը, իրեն ճանաչել անմեղ, սահմանել, որ բողոքաբերի հետապնդմամբ և դատապարտմամբ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 9-րդ հոդվածներն առանձին վերցրած և 14-րդ հոդվածի հետ համատեղ, պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության Կառավարությանը բողոքաբերին վճարել ողջամիտ փոխհատուցում անօրինական հետապնդման արդյունքում պատճառված վնասների դիմաց ողջամիտ փոխհատուցում:
.
Այսօր դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալ Ս. Ստեփանյանը, պաշտպան Մարգարյանը և մեղադրող Գրիգորյանը: Նախագահող դատավոր Մանուշակ Պետրոսյանը ստուգեց կողմերի ինքնությունը և նրանց բացատրեց քրեական դատավարության ժամանակ իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Դատական նիստը բացվելուց անմիջապես հետո պաշտպանական կողմը ներկայացրեց միջնորդություն քրեական գործին այլ փաստաթղթեր կցելու վերաբերյալ: Դրանք վերաբերում էին ամբաստանյալի առողջական վիճակին: Ներկայացված որոշ փաստաթղթեր դատարանը վերադարձրեց` պատճառաբանելով, որ համապատասխան փաստաթուղթը ոչ պատշաճ է կազմված, իսկ մնացած փաստաթղթերը դատարանը տեղում խորհրդակցելով որոշում կցել քրեական գործին:
.
Դատարանն անցավ դատաքննության փուլ: Պաշտպանը ներկայացրեց իր վերաքննիչ բողոքի հիմնավորումները` հղում կատարելով Եվրոպական դատարանի վճռին` Բայաթյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործին, ինչպես նաև ներկայացրեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ըստ որի` Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի այլընտրանքային քաղաքացիական ծառայություն: Նախագահող դատավորը գտավ, որ դա ոչ մի իրավական հիմք չի ներկայացնում իրենից: Պաշտպանը հայտատարեց, որ Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավճռով խախտել է մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 9-րդ, 14-րդ հոդվածները: Նա խնդրեց բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը, Սերյոժա Ստեփանյանին արդարացնել և անմեղ ճանաչել: Պաշտպանի վերաքննիչ բողոքից հետո, մեղադրողն իր առարկությունները ներկայացրեց և հայտնեց, որ առաջի ատյանի դատարանի դատավճիռը հիմնավորված է և դատարանից խնդրեց պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը մերժել: Դատարանը, ավարտելով դատաքննությունը, հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Խորհրդակցական սենյակից վերադառնալով` դատարան հրապարակեց որոշման եզրափակիչ մասը: Դատարանը որոշեց ամբաստանյալ Սերյոժա Ստեփանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել և անփոփոխ թողնել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
.
Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան
.
Աղբյուրը` Իրավաբան.net