Երևանի բյուջեից մոտավորապես 12 միլիոն դրամի գումար է հատկացվում «Հայաստանի ավագանիներ ասոցիացիա» անվանումով կազմակերպությանը, որը փաստացի տարիներ շարունակ չի գործում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը այս հարցով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Կազմակերպության կայքում վերջին նորությունները հրապարակվել են 2013-ին:
«Մենք այստեղ կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում և այս հարցերի միջոցով ուզում ենք պարզել, թե այս գումարները ինչու են հատկացվել ասոցիացիային և ինչ նպատակի են ծառայել: Ուղղակի չգիտենք, թե ասոցիացիան ինչ գործունեություն է իրականացնում և թե ինչի համար է 12 միլիոն փոխանցվում նրանց»,-նշեց նա:
Քաղաքապետին ուղղված հարցման մեջ մասնավորապես նշված են հետևյալ հարցերը՝ որքա՞ն ժամանակ է Երևան քաղաքի ավագանին անդամակցում «Հայաստանի ավագանիներ ասոցիացիային», որքա՞ն է կազմել անդամակցության վճարը՝ ըստ անդամակցության տարիների. «Խնդրում ենք տրամադրել տեղեկություն այդ կազմակերպության գործունեության վերաբերյալ, ինչպեսև տեղեկություն այն մասին, թե ինչ հիմքով է կրկնապատկվել ասոցիացիայի անդամավճարը»:
Կայքէջից պարզ չէ, թե ինչով է զբաղվում ասոցիացիան, սակայն 2015 թվականին ասոցիացիայի անդամավճարը կազմել է 5.5 մլն, այս տարի վճարվել է կրկնակի՝ մոտ 12 միլիոն. «Հարցումը այսօր ենք ուղարկել: Նրանք ունեն որոշակի ժամանակահատված հարցմանը պատասխանելու համար»:
Նշենք, որ «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» կազմակերպության նախագահը ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանն է: Մենք փորձեցինք նրա հետ կապվել, սակայն կապ հաստատել չհաջողվեց, համարը անհասանելի էր:
Եվգենյա Համբարձումյան