Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած և սրան զուգահեռ մինչ օրս տուժող չճանաչված սփյուռքահայ գործարարը դիմել է վերաքննիչ դատարան:
.
Ամերիկահայ գործարարի փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ բողոքարկեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռը` դատավարական իրավունքի խախտման հիմքով: Դատարանում, սակայն, այսօր լսվեց միայն սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչների բողոքը, քանի որ դատարան հարկ չէին համարել ներկայանալ ոչ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը, ոչ էլ գործով դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը:
.
Սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչները արդեն երկրորդ անգամ են Էդմոնդ Խուդյանին տուժող ճանաչելու հարցը հասցնում վերաքննիչ դատարան, քանի որ արդեն 1.5 տարի ինչ շարունակաբար ձգվում է Խուդյանին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված գործի նախաքննությունը: 1.5 տարի տևող նախաքննության արդյունքում, սակայն, մինչ օրս ոչ մեղադրյալներ են առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ, իսկ մինչ ՊԵԿ քննիչը նախաքննում է, Խուդյանի ներդրումներով կառուցված շենքում նույն հանցագործները շարունակվում են բնակարաններ վաճառել:
.
Ամերիկահայ գործարարի ներկայացուցիչները առաջին ատյանի դատարանում բողոք էին ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության ավագ քննիչ Տ. Հարությունյանի պահանջը քննության առնելու մասին որոշման դեմ և խնդրել էին վերականգնել Էդմոնդ Խուդյանի խախտված իրավունքները` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին Էդմոնդ Խուդյանին թիվ 83159711 քրեական գործով ճանաչել տուժող: Դատարանը, սակայն, որոշում է ընդունել մերժել իմ կողմից ներկայացված բողոքը` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
.
Բանն այն է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանի վարույթում է գտնվում ««Արին Կապիտալ» ներդրումային» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից կանխամտածված նյութերով սնանկության հատկանիշներ ստեղծելու փաստի առթիվ դեռ անցյալ տարվա մայիս ամսին հարուցված քրեական գործը: Դեռ անցյալ տարվա 2011 թվականի հոկտեմբերին ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանը դիմել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանին` խնդրելով իրեն ճանաչել տուժող, քանի որ ««Արին Կապիտալ» ներդրումային» ՍՊ ընկերության (որի 61.1 % բաժնեմասը պատկանում է իրեն) տնօրեն Էդուարդ Եսայանը երրորդ անձանց նկատմամբ ընկերության պարտավորությունները կատարելու նպատակով կեղծել է թվով վեց փոխառության պայմանագրերում և հանձման-ընդունման ակտերում Էդմոնդ Խուդյանի ստորագրությունները, համաձայն որոնց՝ նա Էդմոնդ Խուդյանին փոխառությամբ ընդհանուր առմամբ տվել է` 2.081.000 ԱՄՆ դոլար, որի արդյունքում էլ, կեղծ փաստաթղթերի հիման վրա, Էդմոնդ Խուդյանը պարտք է դարձել ընկերությանը վերը նշված գումարը:
.
Սակայն ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանը որոշում է կայացրել հետաձգել Էդմոնդ Խուդյանի պահանջի լուծումն այդ քրեական գործով տուժող ճանաչելու մասին: ՊԵԿ քննիչը որոշել է, որ Էդմոնդ Խուդյանի կողմից ներկայացված պահանջում նշված փաստերը հիմնավորելու կամ հերքելու համար դեռևս անհրաժեշտ է կատարել բազմաթիվ քննչական գործողություններ, անհրաժեշտության դեպքում նշանակել փորձաքննություն և մասնագիտացված ստուգում, ստանալ դրա արդյունքները, որից հետո վերջնական գնահատական տալ Է. Եսայանի կողմից կատարված արարքներին: Եվ պարզվում է՝ անցած 1.5 տարին էլ չեն բավականացրել քննիչին նշած մի քանի դատավարական գործողությունները կատարելու համար:
.
Ամերիկահայ գործարարը իր բողոքում նշում է, որ ընկերությանը կանխամտածված սնանկության են տարել իր մի քանի գործընկերներ, այդ թվում` իր մանկության ընկեր Էդուարդ Եսայանը, որը Խուդյանին պատկանող «Արին կապիտալ» ընկերության տնօրենն է եղել: Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը պնդում է, որ իր դեմ մի խումբ հանցագործների կատարած գործողությունների արդյունքում տուժել է ոչ միայն ինքը, այլև 1.5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը: Խուդյանի խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեն, սակայն, որևէ գործողություն չի նախաձեռնում, քանի որ հանցագործները «հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող մարդիկ են»:
.
«Ինձ հայտնի է նախագահի եղբայր Լևոն Սարգսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անմիջական կապ են ունեցել Վլադ Մանգասարյանի հետ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք անմիջականորեն աջակցում են Վլադ Մանգասարյանին, Ղևոնդ Ղալումյանին և Էդուարդ Եսայանին, որպեսզի այս գործում բացահայտումներ չլինեն»,- ասում է սփյուռքահայ գործարարը:
.
Սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչների միջնորդությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը այսօր հետաձգեց բողոքի քննությունը մինչև նոյեմբերի 8-ը ժամը 11:00-ն, այն հույսով որ հաջորդին ՊԵԿ քննիչն ու գործով դատախազը կկարևորեն դատարանի ծանուցումը և կներկայանան նիստին:
.
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ
.
Աղբյուրը` Իրավաբան.net